
Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են «Antifake»-ի աշխատակիցների դեմ գործողությունները
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով իշխանությունների կողմից Antifake.am-ի աշխատակիցների հանդեպ անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը։
«Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Լրագրողական կազմակերպությունները նաև շեշտում են՝ սկզբունքորեն անընդունելի են համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։
Նրանք պահանջում են
- իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին,
- իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն։
Հայտարարությանը միացել են հետյալ կազմակերպությունները․
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ


