
Օրական քնում եմ 2-4 ժամ․ Ճապոնիայի նոր վարչապետը հորդորել է «շատ աշխատել»
Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին ասել է, որ օրական քնում է ընդամենը 2-4 ժամ։ Վերջերս նա աշխատակազմի նիստ է նշանակել գիշերը ժամը 3:00-ին՝ խորհրդարանական նստաշրջանին նախապատրաստվելու համար․ գրում է Japan Times-ը։
«Հիմա ես քնում եմ մոտ երկու ժամ, առավելագույնը՝ չորս։ Զգում եմ, որ դա վնասակար է մաշկիս համար», – ասել է Տակաիչին՝ օրենսդիրների առջև ելույթ ունենալով։
Ըստ Japan Times-ի՝ վարչապետի հայտարարությունը հնչել է կառավարության կողմից տնտեսական աճը խթանելու նպատակով աշխատողների համար արտաժամյա աշխատանքի սահմանաչափը բարձրացնելու քննարկումների ֆոնին։
«Ճապոնիան երկար ժամանակ պայքարում է աշխատանքի և անձնական կյանքի միջև առողջ հավասարակշռության հասնելու համար, քանի որ շատ աշխատողներ աշխատանքի վայրում ենթարկվում են ուժեղ ճնշման։ Ճապոներենում նույնիսկ բնորոշող բառ կա՝ «կարոշի»՝ այն մարդկանց համար, որոնք մահանում են աշխատանքի գերծանրաբեռնվածությունից»,- գրում է հրատարակությունը՝ հավելելով, որ Տակաիչին քննադատության է ենթարկվել մարդկանց արտաժամյա աշխատանքը «խրախուսելու» համար։


