
Հադրութի ջրի ու Աղավնոյի քարի պայքարը․ արվեստագետի պատգամը նոր սերնդին՝ ֆոտոշարքով
Նոյեմբերի 14-ին բացվեց գեղանկարիչ, ազատամարտիկ, սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանի «Հարատև պայքար» ցուցահանդեսը։
Ցուցադրությունն ընդգրկում է 16 գեղանկար և Աղավնոյից բերված քարերով ստեղծված ինստալյացիա։ Բացման կարևոր սիմվոլիկ տարրերից էր նաև ծիսակարգը՝ իրականացված Հադրութի և Աղավնոյի ջրերով, որը միտված էր համախմբմանն ու ներքին ամրացմանը։
Աշոտ Ավագյանին աջակցող Հովհաննես Իշխանյանը պատմում է, որ այս ցուցադրության գաղափարական հիմքը ծնվել է դեռ 2020-ին. «Պատերազմից հետո Աշոտը երկար ժամանակ չէր կարողանում ձեռքը վերցնել իրերը։ Երբ սկսեց դատարկել զինվորական պայուսակը, գտավ, որ Հադրութից բերված ջուրը դեռ ներսում էր։ Նա հասկացավ, որ այդ ջուրը պետք է դառնա ինչ-որ բանի սկիզբ՝ խորհրդանիշ, որը կհաղորդի ուժ ու միավորում»։
2022-ին, երբ արդեն պարզ էր, որ Աղավնոնը հանձնելու են, արվեստագետներին հաջողվեց նույն ծիսակարգը իրականացնել նաև այնտեղ։ Հադրութի ջուրը խառնեցին Աղավնոյի գետի ջրին, իսկ Սիսիան բերվեցին նաև երկու մեծ քարեր։ Քարահունջին կից արվեստային լաբորատորիայում ներկա արվեստագետները քարերը փշալարերով կապեցին՝ որպես Արցախի շրջափակման խորհրդանշական պատկեր, բայց նաև որպես հավատ, որ այդ փշալարերը մի օր կվերանային։
Աշոտ Ավագյանը համոզված է, որ արվեստը միայն գեղագիտական դաշտ չէ. «Արվեստը հաղորդակցություն է, ինչու ոչ՝ նաև գաղափարական քարոզչության միջոց։ Այս ցուցադրությունը վերաբերում է վաղվա հասարակությանը՝ մարդկանց մեջ հարատև պայքարի գաղափարը գտնելու և դրանով առաջ շարժվելու անհրաժեշտությանը»։
Վարպետի խոսքով՝ ներկայացված գործերը խոսում են հիշողության, ինքնության և իրավունքների պաշտպանության մասին, ինչպես նաև հողի՝ որպես գոյության և արժանապատիվ կյանքի հիմքի կարևորության. «Եթե ուզում ենք ապրել այս տարածքում, այս արևի տակ, պետք է պայքարենք։ Մեր պատմությունն ու իրավունքները պահպանելու համար անհրաժեշտ է համախմբված ուժ՝ արվեստ, կրթություն, գիտություն․ ոչ մի ոլորտ չպետք է առանձնացված լինի»։
Իր աշխատանքներից Ավագյանն առանձնացնում է մի նկար՝ Բաքվի բերդում պահվող երկու Դավիթների նկարը. «Այս նկարի ստեղծումն ինձ համար ամենածանրն էր։ Կարծես պարտավորված լինեի նրանց պատկերել, որովհետև նրանց ճակատագիրը խորապես ցավեցնում է»։
Ավագյանը վստահ է, որ այցելուները ցուցադրությունը տարբեր կերպ կընկալեն. «Կլինեն մարդիկ, ովքեր ոչինչ չեն զգա, կան մարդիկ, ովքեր պարզապես հարգանքի համար են եկել։ Բայց ինձ համար կարևոր են նրանք, ովքեր գաղափարակից են և կարող են իրենց ոլորտում քայլեր անել։ Թող այստեղից բոլորն իրենց հետ տանեն գոնե արժանապատվության մի զգացում կամ մի կետ, որը պիտի իրագործեն վաղը»։
Արվեստագետը հիշեցնում է, որ «հարատև պայքարը» հայ հասարակական մտածողության մեջ նոր գաղափար չէ, այլ խոր արմատներով սկզբունք. «Բնության մեջ էլ, եթե պայքար չկա, գոյությունն անհնար է։ Առանց պայքարի կյանք չկա։ Իմ սերունդը գուցե չհասցնի ռեվանշի հասնել, բայց նոր սերունդը կարող է։ Քանի դեռ կա հավատ ու նպատակ, պետք է առաջ շարժվել։ Դա չի լինում մի օրում, գուցե արագ էլ չստացվի, բայց կստացվի՝ միայն պայքարի և միասնական ջանքի արդյունքում»,- հավելում է Աշոտ Ավագյանը։
Հասմիկ Պողոսյան


