
Թիրախային հետաքննությունները և քաղաքական մանևրները կարող են կրկին ի հայտ գալ ՀՀ-ում 2026 թ-ի ընտրություններից առաջ․ EUobserver
Քանի որ Վրաստանն արագորեն հեռանում է իր եվրոպամետ ուղուց, Հայաստանն աննկատելիորեն դառնում է ԵՄ-ի հաջորդ դաշնակիցը Հարավային Կովկասում, չնայած նրա ոխերիմ թշնամին՝ Ադրբեջանը, դարձել է որոշ անդամ պետությունների համար էներգակիրների կարևորագույն մատակարար․ գրում է EUobserver-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ամռանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրից հետո Երևանում լավատեսությունը մեծ է, որ երկիրը հեռանում է Մոսկվայի մարող ուղեծրից և մոտենում Եվրոպային։ Հատկանշական է նաև, որ TRIPP-ը ԵՄ-ին առաջարկում է նոր ուղի, որը շրջանցում է Ռուսաստանը՝ միաժամանակ ավելի խորը ինտեգրելով Հայաստանը եվրասիական առևտրին։
Սակայն 2026 թվականի Հայաստանի ընտրություններին մոտենալուն զուգընթաց՝ արտաքին միջամտության աճող վախերը կարող են հիմք հանդիսանալ բոլորովին այլ արդյունքի համար։
Փաշինյանի անձնական ժողովրդականությունը զգալիորեն նվազել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող շրջանը նշանավորվեց թիրախային հետաքննություններով, քաղաքական մանևրներով և կոռուպցիոն մեղադրանքներով՝ մարտավարություն, որը, փորձագետների կարծիքով, կարող է կրկին ի հայտ գալ 2026 թվականի ընտրություններից առաջ։
«Ի պատասխան կառավարության կողմից իշխանությունը պահպանելու հարկադրական մարտավարության՝ թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակներում, ԵՄ-ն պետք է ակտիվացնի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին հզորացնելու ջանքերը՝ ընդլայնելով նրանց կարողությունները՝ վերահսկելու, բացահայտելու և հակազդելու կոռուպցիային, ճնշումներին և իշխանության գերկենտրոնացմանը», – գրել է Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնից վերլուծաբան Հյուգո ֆոն Էսենը։
Բացի այդ՝ հայկական քաղաքացիություն ստանալու համեմատաբար դյուրին դառնալը խորացնում է ԵՄ մտահոգությունները վիզային սահմանափակումների վերացումից հետո միգրացիոն հնարավոր բացթողումների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Բրյուսելը հստակեցրել է, որ ցանկանում է ներգրավվել Հարավային Կովկասում, հատկապես Վրաստանին «կորցնելուց» հետո։
ԵՄ-ն Վրաստանի վերադարձը եվրոպական ուղուն համարում է կարևոր՝ կանխելու համար, որ Հայաստանը տարածաշրջանում մեկուսացված ժողովրդավարական օազիս դառնա։
Երկու տնտեսությունները սերտորեն կապված են, քանի որ Վրաստանը մնում է Հայաստանի հիմնական արտահանման ուղին դեպի Եվրոպա։


