
Իրանը երաշտի ֆոնին սկսել է քիմիական մեթոդներ կիրառել արհեստականորեն անձրև առաջացնելու համար
Իրանը երաշտի ֆոնին սկսել է քիմիական մեթոդներ կիրառել արհեստականորեն անձրև առաջացնելու համար։
Արհեստական անձրևը ենթադրում է ինքնաթիռներից կամ ցամաքից քիմիական նյութերի՝ արծաթի կամ կալիումի յոդիդի «ցանքս» ամպերի մեջ։ Դա արագացնում է ջրային գոլորշու խտացումը (ջրի գոլորշուց հեղուկի անցումը) և հետագա տեղումները․ գրում է BBC-ն՝ իրանական լրատվամիջոցներին հղումով։
Իրանի պաշտոնական լրատվական գործակալության՝ IRNA-ի հաղորդմամբ՝ այս գործընթացն իրականացվել է շաբաթ օրը Ուրմիա աղի լճի ավազանում։ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն էր, բայց այն զգալիորեն չորացել է բազմամյա երաշտի հետևանքով։ Արհեստականորեն անձրև առաջացնելու համար օդի հարաբերական խոնավությունը պետք է բարձր լինի, ուստի գործողությունը նախ իրականացվել է լճի վրա։
Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ երկրում այս տարի տեղումները 89 տոկոսով ցածր են երկարաժամկետ միջինից։ 9 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաք Թեհրանում ջրամբարների ծավալը նվազել է իրենց հզորության 10 տոկոսից էլ պակաս։


