
Հայաստանի քաղհասարակության՝ Բաքու այցի կոնկրետ ամսաթիվն արդեն որոշված է․ ադրբեջանցի փորձագետ
Հաջորդ վեց ամիսների ընթացքում սպասվում են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան, որը կդառնա երկկողմ երկխոսության շարունակությունը․ հայտարարել է Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը Բաքվում կայացած ադրբեջանա-ամերիկյան առաջին վերլուծական կենտրոնների ֆորումում։
Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության՝ հոկտեմբերի 22-ին Հայաստան այցը փոխգործակցության ավելի լայն ծրագրի մաս էր։
«Մեր այցը մեկանգամյա չէր. այն միջոցառումների շարքի մաս է, որը ներառում է ադրբեջանական պատվիրակությունների ապագա այցելությունները Հայաստան և հայկական պատվիրակությունների այցերն Ադրբեջան։ Հետևաբար, սպասվում է, որ մենք առնվազն մի քանի անգամ կայցելենք Հայաստանի Հանրապետություն հաջորդ վեց ամիսների ընթացքում։ Սա կարող է ներառել այցելություններ ոչ միայն մայրաքաղաք, այլև առանձին շրջաններ», – նշել է նա։
Մամեդովն ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցն Ադրբեջան նախատեսված է տարեվերջին, և արդեն իսկ որոշվել են կոնկրետ ամսաթվերը։
«Գործընթացը կիրականացվի մոտ ապագայում։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպումն ինքնին, այլև շոշափելի արդյունքները՝ քննարկվելիք թեմաները և կոնկրետ նախագծերի իրականացումը», – ընդգծել է փորձագետը։
Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


