21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«6-րդ զգայարան»՝ ճանապարհ դեպի տեսանելիի սահմաններից դուրս (ֆոտոշարք)

«6-րդ զգայարան»՝ ճանապարհ դեպի տեսանելիի սահմաններից դուրս (ֆոտոշարք)

Բացվել է Արթուր Դուրգարյանի (Durgo) «6-րդ զգայարան» ցուցահանդեսը, որը կտևի մինչև նոյեմբերի 23–ը։ Արվեստագետը հանդիսատեսին հրավիրում է բացահայտելու զգացմունքի և անտեսանելի իրականության խորքերը։ Այս նախագիծը դիտողին դուրս է բերում տեսանելի աշխարհի սահմաններից՝ մղելով դեպի ներքին, զգացմունքային տարածքներ։

Դուրգարյանը ընդգծում է՝ ցանկացած թվային կամ տեխնոլոգիական առաջընթաց չի կարող գերազանցել մարդու ներաշխարհը․ «Չնայած արհեստական բանականության զարգացումներին՝ այն երբեք չի կարող հաղթել մարդու մտքին, երազանքներին և ենթագիտակցությանը։ Մեր կյանքում տեղի ունեցողը մեծապես բխում է անգիտակցականից, և այն արտահայտվում է արվեստի միջոցով, կերպարվեստով, երաժշտությամբ կամ թատրոնով։ Պատկերացրեք, որ արհեստական բանականությունը սկսի ստեղծագործել․ արդյունքը ճիշտ է, կարող է ճիշտ լինել, բայց այն երբեք չի գերազանցի մարդկային զգացմունքները։ Չէ՞ որ Աստված մարդուն ստեղծել է սիրով և զգացմունքներով»։

Արվեստագետը իր ստեղծագործության առանցքը նկարագրում է այսպես․ «Իմ ամբողջ նկարչության էությունը սերը և զգացմունքը վերարտադրելն է։ Փորձել եմ ամբողջ ներաշխարհս փոխանցել թղթին»։

«6-րդ զգայարանը» տեսանելի չէ, ինչպես մնացած հինգը։ «Այն ամբողջական զգացմունքների, անգիտակցականի և ենթագիտակցականի արտացոլումն է»,- ասում է Դուրգարյանը։ 

Խոսելով արհեստական բանականության և մարդու ստեղծագործական դերի մասին՝ Դուրգարյանն ընդգծել է՝ արհեստական բանականությունը չպետք է փոխարինի մասնագիտություններին։ Այն կարող է ծառայել որպես օգնական, սակայն երբեք չի կարող փոխարինել մարդկային զգացմունքները։

Հասմիկ Պողոսյան

Ռազմագերիներ