
«Տատիկիս պատրաստածն ուրիշ է»․ նոր կենտրոն, որը նոր շունչ կտա ավանդական ուտեստներին
Շատերս լսել կամ ասել ենք այս արտահայտությունը՝ «Տատիկիս պատրաստածն ուրիշ է»։ Դարերով մեր խոհանոցը, տան տնտեսությունն ու մշակույթը փոխանցվել են մեծ տատիկների միջոցով։ Այսօր նախատեսում ենք ստեղծել կենտրոն, որտեղ այդ ժառանգությունը կպահպանվի, կտարածվի և հասանելի կլինի ավելի լայն շրջանակների․ ABC Media-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հիմնադիր, հեղինակ Էլեն Միքայելյանը։
«Կենտրոնը կոչվում է «Հանի», որը գրաբարում նշանակում է տատ, մեծ մայր։ Այն խորհրդանշում է իմաստություն, ջերմություն և մշակույթի պահպանում՝ արժեքներ, որոնք հիմքն են մեր երկրի ժառանգության։ Ինչպես հանին, այսինքն տատիկը իր միջավայրը լցնում է սիրով ու ուժով, այնպես էլ կենտրոնը միավորում է մասնակիցներին՝ բացահայտելու և պահպանելու հայկական խոհանոցն ու մշակույթը։ Նախագիծը բաղկացած է երկու մասից՝ խոհարարության դպրոց և մշակութային կենտրոն։ Կենտրոնի նպատակը միայն ավանդույթի պահպանումը չէ․ այն ուղղված է միաժամանակ մի քանի արժեք ստեղծելուն»,- նշեց Միքայելյանը։ Խոսելով նպատակների մասին՝ նախագծի հեղինակն ընդգծեց, որ կենտրոնը կնպաստի Հայաստանի ճանաչմանը որպես խոհարարական և մշակութային տուրիզմի եզակի ուղղություն։
«Կպահպանվեն ուտեստներ և տեխնիկաներ, որոնք մոռացվում են։ Դրանք կդառնան նոր ճանաչողական աղբյուր ոչ միայն հայերի, այլև արտերկրից այցելողների համար։ Կվերահաստատվի տեղական արտադրանքի կարևորությունը՝ խթանելով գյուղատնտեսության զարգացմանն ու տեղական տնտեսության ակտիվացմանը։ Տարածաշրջանների ֆերմերները, այգեգործներն ու փոքր արտադրողները կստանան նոր եկամտի աղբյուր․ նրանց արտադրանքը ոչ միայն կօգտագործվի դասընթացներում, այլև կդառնա պատմության ու ավանդույթի մի մասը։ Երիտասարդները կստանան հնարավորություն՝ սովորելու իրենց մեծերի հմտությունները և փոխանցելու դրանք հետագա սերունդներին։ Այս ձևով կձևավորվի սերնդափոխություն՝ առանց մշակութային ընդհատման»,-նշեց կենտրոնի հիմնադիրը։ Նա հավելեց, որ նախագիծը կարևոր նշանակություն կունենա նաև տեղի համայնքների համար։ Մասնակիցներն ու զբոսաշրջիկները չեն սահմանափակվելու միայն դիտորդությամբ․ «Նրանք ոչ թե պարզապես կտեսնեն, թե ինչպես է պատրաստվում ուտեստը կամ կանցնեն համտեսի, այլ անձամբ կմասնակցեն այն պատրաստելուն։ Հետագայում հնարավորություն կունենանք մասնակցելու նաև բերքահավաքի, թոնրի շուրջ ավանդական արարողություններին։ Այս ամենը փորձառությունը կդարձնի ավելի հիշարժան և կապահովի մշակույթի իրական շփում։ Մեր նպատակն է, որ կենտրոնը դառնա այն վայրը, որտեղ զբոսաշրջիկներն ու տեղացիները կնախընտրեն ուսումնասիրել Հայաստանը ոչ թե որպես ուղղություն, այլ որպես կենսակերպ կրող երկիր»։ Կենտրոնը նախատեսում է նաև դասընթացների ընթացքում օգտագործվող բոլոր բաղադրատոմսերը հավաքագրել և «գույքագրել»։
«Դրանք կարող են միավորվել բաղադրատոմսերի գրքում կամ ամսագրում։ Հավաքագրելու ենք ոչ միայն այն ուտեստները, որոնք կստեղծվեն դասերին, այլ նաև բոլոր այն բաղադրատոմսերը, որոնք կհայտնաբերենք մարզային այցելությունների ընթացքում։ Սա կդառնա մեծ բազա, որտեղ մարդիկ կարող են գտնել հայկական ավանդական ուտեստներ, ծանոթանալ դրանց պատմությանը և փորձել պատրաստել տանը։ Դասընթացի մասնակիցները նաև կստանան փոքրիկ ամսագիր՝ տվյալ օրվա մենյուի բաղադրատոմսերով»,-ասաց Էլեն Միքայելյանը։ Նա նշեց, որ սկզբնական փուլում կսկսեն հայկական ուտեստների պատրաստման դասընթացներից, սակայն հետագայում կներառվեն նաև մշակութային այլ ուղղություններ՝ ազգային երգ, պար, գորգագործություն, կավագործություն, գինեգործություն և այլն։
«Այս փուլում համագործակցություններ ենք նախատեսում այն մշակութային կենտրոնների հետ, որոնք առաջարկում են ավանդական արվեստների ուսում՝ գորգագործություն, կավագործություն, փայտի աշխատանք։ Այժմ դեռ չունենք ֆիքսված գործընկերներ, բայց անում ենք համապատասխան աշխատանքներ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա հստակ ասելը դեռ վաղ է։ Այս պահին գտնվում ենք ֆոնդահայթայթման փուլում և գործընկերներ ենք որոնում։ Եթե ամեն ինչ ընթանա պլանավորվածի համաձայն, ապա արդեն 2026 թվականի հուլիսին հասանելի կլինի ծրագրի պիլոտային փուլը»,- եզրափակեց Էլեն Միքայելյանը։


