
Իլոն Մասկի կանխատեսած ապագայում աշխատանքի կամ գումարի կարիք չի լինի․ աղքատությունը կվերանա
Ըստ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի՝ արհեստական բանականության և ռոբոտաշինության շնորհիվ ապագայում փողը «կդադարի կարևոր նշանակություն ունենալ»․ գրում է Business Insider-ը։
Երկուշաբթի ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումի ժամանակ Մասկը հայտարարել է, որ իր կանխատեսած ապագայում աշխատանքը կլինի «ըստ ցանկության», ինչպես «սպորտով զբաղվելը կամ տեսախաղ խաղալը»։
Նա աշխատանքի գնալը համեմատել է այգեգործությամբ զբաղվելու հետ։
«Կարող եք գնալ խանութ և պարզապես բանջարեղեն գնել, կամ կարող եք բանջարեղեն աճեցնել ձեր ետնաբակում։ Աճեցնելը շատ ավելի դժվար գործ է, բայց որոշ մարդիկ դեռ դա անում են, քանի որ սիրում են։ Ահա, թե ինչպիսին կլինի աշխատանքը. ըստ ցանկության», – ասել է Մասկը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեխնոլոգիական մագնատը կիսվել է արհեստական բանականության հետ կապված ապագայի իր տեսլականով՝ անդրադառնալով աղքատության վերացմանը։
«Մարդիկ հաճախ խոսում են աղքատության վերացման, բոլորին բարձրակարգ բժշկական օգնություն ցուցաբերելու մասին։ Իրականում դա անելու միայն մեկ ճանապարհ կա, և դա Optimus ռոբոտն է», – ասել է Մասկը այս ամսվա սկզբին բաժնետերերի հետ հանդիպաման ժամանակ։


