21 Նոյ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կազմը նույնն է, բայց օրակարգը հայտնի չէ․ Բորիս Նավասարդյանը՝ Բաքու այցի մասին

Կազմը նույնն է, բայց օրակարգը հայտնի չէ․ Բորիս Նավասարդյանը՝ Բաքու այցի մասին

5 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը վաղը չարտերային չվերթով կմեկնի Բաքու։ Այցի համար ՀՀ Կառավարությունը մոտ 18 մլն դրամ է հատկացրել։

Պատվիրակության կազմում է նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։  Նա ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այցի օրակարգը դեռ հստակ չէ։ Նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Նրանք, ի դեպ, Երևան էին այցելել ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 21-22–ին։

Ադրբեջանագետների խոսքով՝ Բաքվում քաղհասարակությունը ասված չկա, բոլորը Ադրբեջանի նախագահից ֆինանսավորվող ու կապակցված անձինք են։ Նավասարդյանն ավելի վաղ ABC Media-ի հետ զրույցում չէր առարկել, որ Ադրբեջանից հանդիպումներին մասնակցող կազմակերպությունները և փորձագետները առավելապես ներկայացնում են պաշտոնական, իշխանական ուղղվածություն։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր գործընկերների մեծ մասը գործում է պաշտոնական դիրքորոշումների շրջանակում։ Սակայն եթե գործընթացը գնում է հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, ապա պաշտոնական դիրքորոշումն ինքնին ենթադրում է բանակցություն և երկխոսություն։ Այդ իմաստով շփումները կարող են լինել օգտակար»,- նշել է նա։

Նավասարդյանի նշած հարաբերությունների նորմալացմանը զուգահեռ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների մի մասը ակտիվորեն ներգրավվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի առաջմղման գործում, այդ թվում՝ պետական ֆինանսավորմամբ։ Նավասարդյանի խոսքով՝ այդ օրակարգը քննարկման թեմա լինելու է նաև Բաքվում։

«Այստեղ մենք ստանում ենք ուղերձ, որ եթե Հայաստանը պաշտոնապես չի դնում արցախցիների վերադարձի հարցը, ապա Ադրբեջանը իր հերթին առաջ է մղում Ադրբեջանի նախկին բնակիչների վերադարձի օրակարգը։ Սա լուրջ խնդիր է, և հայկական կողմը պետք է ունենա հստակ մշակված մոտեցում։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում կնպաստենք այդ մոտեցումների մշակմանը»,- ասել է Նավասարդյանը։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե արցախցիների վերադարձի հարցը բարդացնում է խաղաղության գործընթացը, Նավասարդյանն ասել է․«Արցախցիների վերադարձի հարցը պետք չէ դիտարկել որպես խոչընդոտ, դա լուծում պահանջող խնդիր է։ Նախ անհրաժեշտ է ձևավորել հստակ հայեցակարգ, և դրանից հետո միայն այն քննարկել Ադրբեջանի հետ»։

Նավասարդյանի խոսքով՝ նախատեսվող այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել նաև գերիների վերադարձի հարցը, բայց կրկնում է՝ այցի օրակարգը հստակեցված չեն։

Խոսելով ակնկալիքների մասին՝ Նավասարդյանը շեշտել էր, որ հայկական կողմի առաջնահերթությունները մնում են նույնը՝

  • խաղաղության համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրում,
  • սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման առաջմղում,
  • մարդասիրական հարցերի ներառում օրակարգում,
  • և բանակցային գործընթացի շուրջ թշնամական քարոզչության նվազեցում։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 4-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-22-ին Հայաստան էին ժամանել Ադրբեջանի ՀԿ ներկայացուցիչներն ու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում ունեցել Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

 

Ռազմագերիներ