
Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանն Իսրայելին մատակարարել է վառելիքի 40%-ը՝ կանգնելով ցեղասպանությանը մեղսակից լինելու վտանգի առաջ․ OC Media
Բրածո վառելիքի շուկան վերահսկող Oil Change International կազմակերպությունը պարզել է, որ Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելի ներմուծած հում նավթի 40%-ն ադրբեջանական ծագում է ունեցել․ գրում է OC Media–ն։
Կազմակերպության զեկույցի հրապարակումը համընկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ամենամյա համաժողովի՝ COP30-ի հետ։
Ըստ զեկույցի՝ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը Ադրբեջանը՝ Թուրքիայի միջոցով, և Ղազախստանը՝ Ռուսաստանի միջոցով, մատակարարել են Իսրայելի հում նավթի մոտ 70%-ը, ընդ որում՝ ադրբեջանական արտադրանքն առաջատարն է՝ ավելի քան 7 միլիոն տոննա, կամ ընդհանուր քանակի գրեթե 40%-ը։ Զեկույցում ներառված ժամանակահատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով իրականացվել է ընդհանուր առմամբ 61 ադրբեջանական առաքում, որի փոխարեն որպես ծագման երկիր նշված է Թուրքիան։
Ղազախստանը երկրորդ տեղում է՝ Ռուսաստանի միջոցով առաքված մոտ 5.3 միլիոն տոննայով։
Հաշվետվությունը մեջբերել է իրավաբան Իրենե Պիետրոպաոլիի կարծիքը, ըստ որի՝ երկրները պետք է «հաշվի առնեն, որ Իսրայելի ռազմական գործողություններին իրենց ցուցաբերած ռազմական կամ այլ օգնությունը կարող է նրանց ենթարկել ցեղասպանությանը մեղսակից լինելու վտանգի՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն»։
Տեքստը եզրափակվում է նրանով, որ պատերազմի ընթացքում Իսրայելին վառելիք մատակարարած պետությունները «դա արել են՝ լիովին գիտակցելով նրա վայրագությունները»։


