
Իրատեսակա՞ն է մայրաքաղաք Թեհրանի տեղափոխումը․ ի՞նչ մտավախություններ ունեն փորձագետները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պետության մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Թեհրանից՝ գերբնակեցման և ջրի սուր դեֆիցիտի պատճառով: Նրա խոսքով՝ քաղաքում արդեն պայքար է ընթանում ռեսուրսների համար, իսկ մեգապոլիսի ենթակառուցվածքը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը։
Իսկ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը ABC Media-ի հետ զրույցում ասել է, որ իրատեսական չի համարում մայրաքաղաքի տեղափոխման մասին հայտարարությունը։ Նրա խոսքով՝ այս հարցն ավելի քան 3 տասնամյակ է, ինչ քննարկվում է, բազմիցս ծրագրեր են ներկայացրել, փորձագետներ են խոսել, բայց խոսքից գործի չեն անցել։
«Ամեն անգամ, երբ խնդիրներ են առաջանում Թեհրանի նման մեգապոլիսում, որտեղ ցերեկը բնակչությունը կազմում է մոտ 14 մլն՝ հաշվի առնելով նաև արվարաձաններից աշխատանքի եկած մարդկանց, կրկին սկսում են խոսել մայրաքաղաքի տեղափոխման մասին, բայց բոլորը գիտեն, որ սա հենց այնպես, մի որոշումով լինող բան չէ։ Նախ պետք է գտնել մի քաղաք, որը աշխարհագրական, ռազմավարական, քաղաքական ու անվտանգային առոմով հարմար կլինի մայրաքաղաք դառնալու համար։ Այդ քաղաքը պետք է ունենա անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Սա հսկայական բյուջե պահանջող ծրագիր է, իսկ այսօր Իրանի տնտեսության հսկայական մասը՝ արդյունաբերությունից, վարչական ձեռնարկություններն ու հիմնարկներ, կենտրոնացած են Թեհրանում։ Փորձագետներն էլ իրատեսական չեն համարում մայրաքաղաքի տեղափոխման հարցը»,-ասել է նա։
Շահնազարյանը շեշտել է, որ գործող Կառավարության օրոք շատ է խոսվում այդ մասին, բայց փորձագետների համար այս նախագիծը գրեթե անհնար է իրականացնել։ Օրաթերթի գլխավոր խմբագիրը ևս լուրջ չի վերաբերվում մայրաքաղաքի տեղափոխման մասին հայտարարություներին, որի մասին թեկուզ խոսում է երկրի առաջին դեմքը։ Նրա խոսքով՝ սա միայն խոսք է, որևէ գործնական քայլ չկա։


