11 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞րն է Թեհրանում երաշտի պատճառը․ Աստծո զայրո՞ւյթը, թե՞ կլիմայական ճգնաժամը

Ո՞րն է Թեհրանում երաշտի պատճառը․ Աստծո զայրո՞ւյթը, թե՞ կլիմայական ճգնաժամը

Իրանի մայրաքաղաքը պետք է տեղափոխվի, քանի որ երկիրն «այլևս ընտրություն չունի»․ ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա նշել է, որ ջրի, հողի և ենթակառուցվածքների վրա ճնշումը կառավարությանն «այլընտրանք չի թողել», քան գործելը։

«Երբ մենք ասացինք, որ պետք է տեղափոխենք մայրաքաղաքը, մենք նույնիսկ բավարար բյուջե չունեինք։ Եթե ունենայինք, գուցե դա արած լինեինք։ Իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք. դա պարտավորություն է»,- ասել է նա։

Նախագահն ասել է, որ Թեհրանն այժմ կանգնած է «աղետի» առաջ, քանի որ մայրաքաղաքի որոշ հատվածներում հողը տարեկան մինչև 30 սանտիմետրով իջնում է, իսկ ջրամատակարարումը կրճատվում է՝ հավելելով, որ կառավարության պաշտոնյաները պետք է համատեղ աշխատեն, հակառակ դեպքում սպասվում է «մռայլ ապագա»։

The Guardian-ն ավելի վաղ նշել էր, որ ջուրը և դրա բացակայությունը դարձել են Իրանի ազգային մոլուցքը: Հյուսիսային Թեհրանի մզկիթներում իմամներն աղոթում են անձրևի համար, մինչդեռ օդերևութաբանները ժամերն են հաշվում մինչև եղանակի լավանալը և վերջապես երկնքից անձրև տեղալը։

Պարբերականը նշել էր, որ ջրամբարների 5%-ից պակաս հզորություն ունեցող ամբարտակների թիվն ութից աճել է մինչև 32, և ճգնաժամը կենտրոնական հարթավայրերից տարածվել է ամբողջ երկրով մեկ։

Դա որպես կլիմայական ճգնաժամ ընդունելու փոխարեն՝ որոշ շրջանակներում ուշադրությունը կենտրոնացել է այն բանի վրա, թե այս աղետի մեջ ընկնելն արդյո՞ք Աստծո կողմից ուղերձ չէ: Փորձագետների ժողովի պահպանողական անդամ այաթոլլահ Մոհսեն Արակին, օրինակ, կապ է տեսնում «փողոցներում բացահայտ անառակության» և երաշտի միջև։ Մեծ այաթոլլահ Ջավադի Ամոլին զգուշացրել է. «Երբեմն մշակութային խնդիրները, սոցիալական թերությունները և մեղքը խլում են ողորմածության հիմքերը»։

Որոշ պատգամավորներ երաշտի համար մեղադրել են Իրանի կառավարությանը՝ խորհրդարանի ընդունած հիջաբի վերաբերյալ սահմանափակող օրենքների պահպանմանը հետևել չկարողանալու համար: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմնակիցներն ի պատասխան հարցրել են. ինչո՞ւ է Եվրոպան, որտեղ կանայք ազատ իրենց մազերը քամուն են տալիս, այդքան կանաչ։

NBC News-ը նշել է, որ Իրանի կառավարության այդքան մտահոգության պատճառներից մեկն այն է, որ ջրային ճգնաժամը կարող է վերածվել քաղաքական դժգոհության և հրահրել անկարգություններ։

Սոցցանցերում տեղադրված և NBC News-ի կողմից ստուգված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ուսանողները բողոքում ջրի պակասի դեմ Թեհրանի Ալ-Զահրա համալսարանում։

Խնդիրը երբեմն հանգեցրել է բռնության և ձերբակալությունների հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում, որտեղ բնակվում է մեծ արաբական փոքրամասնություն, որը վաղուց բողոքում է կենտրոնական կառավարության կողմից անտեսված լինելու համար։

Այս անգամ շատ իրանցիներ մեղադրում են պետությանը։ Նրանց խոսքով՝ իշխանությունները տարիներ շարունակ գիտեին այս խնդրի մասին, բայց ոչինչ չի արվել։

BBC-ին, իր հերթին, հայտնել է, որ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է, սակայն այն մեծ մասամբ չորացել է՝ թողնելով հսկայական աղային շերտ։

CNN-ը, հղում անելով Իրանի օդերևութաբանական կենտրոնին, նշել է, որ երկրում տեղումների քանակը երկարաժամկետ միջին ցուցանիշի համեմատ նվազել է մոտ 89%-ով, ինչն այս աշունը դարձնում է վերջին 50 տարվա ընթացքում ամենաչորը։

Ռազմագերիներ