
Հնարավոր է տունն ու տեղը տեղափոխել ժիգուլու մեջ, երբ պետք է գաղթել. պատմություններ արցախցիների արխիվներից (ֆոտոշարք)
2020 թվականի պատերազմն ու 2023 թվականի տեղահանությունը հազարավոր մարդկանց զրկեցին իրենց տներից, համայնքներից, մշակութային միջավայրից՝ ուղեկցելով մարդու հիմնարար իրավունքների խախտումներով։ Նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Քարտեզագրելով կորուստը» ցուցադրության բացումը, որը կազմակերպվել է «Միջազգային և Համեմատական Իրավունքի կենտրոնի» նախաձեռնությամբ։ Կենտրոնին դիմած բազմաթիվ արցախցիներ ներկայացրել են իրենց պատմություններն ու փաստերը՝ կապված իրավունքների խախտումների, տեղահանության և կորուստների հետ։
Արվեստագետներից Անի Շահվերդյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ 2019-ին ընդունվել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա, բայց, ինչպես ինքն է ասում, երբեք չի զգացել, որ լիովին տեղափոխվել էր Արցախից, քանի որ ամեն ամիս վերադառնում էր տուն։ Ցուցադրության համար ներառված լուսանկարները նրա ընտանիքի տան տարածքից են, պահի տակ արված կադրեր։
Անին առանձնացնում է մեկ լուսանկար, որն ամենասիրվածն է․ ընտանիքով զարդարում էին տունը, բակը, փողոցը։ Քաղաքը ձմռանը ստանում էր հեքիաթային տեսք։ «Այս ցուցադրության միջոցով ուզում էինք ցույց տալ, որ Արցախը միայն պատերազմ չէ։ Մենք խաղաղ էլ ենք ապրել, կյանք ենք ունեցել։ Այն լուսանկարներ եմ ընտրել, որոնք հենց այդ խաղաղությունն են փոխանցում»,- ասում է նա։
Արվեստագետը ցավով նշում է, որ շրջափակման պատճառով չի կարողացել հրաժեշտ տալ իր տանը․ դեռ ուսանող էր ու 2022-ի հոկտեմբերից հետո այլևս չի կարողացել վերադառնալ։ «Իսկ հիմա մեր տունն ու փողոցը ադրբեջանցիները վաղուց քանդել են, իսկ տեղում կառուցել են հաղթանակի այգի»,- ասում է նա։
Անին իր կյանքի պատմությունը բաժանում է 2 հստակ մասի․ մինչև պատերազմն ու տեղահանումը և դրանից հետո։ Նա ինքն իրեն մեղադրում է նաև քիչ լուսանկարելու համար․ «Միշտ մտածում էի պահը ապրել, վայելել, ոչ թե ֆիքսել։ Չէի պատկերացնում, որ այդ ամենը մի օր միայն հիշողություններ են լինելու»,- հավելում է Անին։
Ասպրամ Ավանեսյանն իր հերթին պատմում է, որ երբեք չի պատկերացրել, թե իր արած լուսանկարները կարող են ցուցադրվել։ Որոշ կադրեր խաղաղության շրջանից են, որոշներն էլ՝ վերջին օրերի դառը հիշողությունները։ Նրա սիրելի լուսանկարներից մեկն արվել է տատիկի տանը՝ ընտանեկան հավաքի ժամանակ։ «Պարզապես նկարում էի՝ առանց պատկերացնելու, որ կարող է վերջիններից լինել»,- ասում է Ասպրամը։
Նա հիշում է բլոկադայի վերջին օրերը, երբ մարդիկ այրում էին ամեն ինչ՝ զինվորական համազգեստներից մինչև անձնական իրեր։ Այդպիսի մի կադր էլ արվել է դեպի ընկերուհու տուն գնալիս՝ եկեղեցու ֆոնին այրվող իրերով։ «Նկարն ինձ համար ասոցացվում է մոխրացող պետության հետ»,- նշում է նա։
Ասպրամը պատմում է, որ տեղահանման ժամանակ մարդիկ բառացիորեն իրենց տունը տեղափոխում էին մեքենաների մեջ։ «Եվ պարզվում է՝ հնարավոր է տունն ու տեղը տեղափոխել ժիգուլու մեջ, երբ պետք է գաղթել»,- ասում է նա։
Կորուստը, սակայն, նրա մեջ ցավի փոխարեն դարձավ դատարկություն․ «Չեմ լացում նկարները նայելիս։ Ավելի շատ դատարկություն եմ զգում։ Գաղթի ժամանակ հենց այդ դատարկությունն ու «ինչու՞»-ների անվերջ շարքն էր ինձ հետապնդում»։
Նկարիչ Գոհար Սարգսյանի որդին 2020 թվականի պատերազմի ժամանակ մասնակցել է Հադրութի մարտերին։ Նա պատմում է, որ այդ շրջանում հաճախ էր զգում անօգնականություն. «Ոչ բժիշկ էի, ոչ էլ զինվոր․ չգիտեի ինչ անել, բայց ցանկանում էի գոնե որևէ կերպով արտահայտել իմ ապրումները»,- ասում է նա։
Արդյունքում ստեղծվել են 5 նկար, որոնցից 2-ը ցուցադրվել են։ Արվեստագետը նշում է, որ դրանք արտացոլում են պատերազմի խտացված էմոցիաները։ Օրինակ, երբ կարդացել է, որ Ստեփանակերտի հիվանդանոցն են հրթիռակոծել, դա անմիջապես ազդել է նրա աշխատանքների վրա։
Ցուցադրության հիմնական թեման ըստ նրա՝ կորցրած արժեքներն են, ավելի ճիշտ՝ կորստի զգացումը․ և՛ մշակութային, և՛ թե տարածքային։ Մի աշխատանքում գաղափարը փոխանցվում է բանալիներով՝ ցույց տալով, որ մարդիկ իրենց տունը կորցրել են, բայց բանալիները դեռ իրենց ձեռքում են, մյուսում կորստի զգացումը ներկայացված է այլ կերպ։
Այս շարքով ստեղծված աշխատանքները ոչ միայն արտացոլում են անձնական արձագանքը պատերազմի օրերին տեղի ունեցածին, այլև արվեստի միջոցով պահում և փոխանցում են կորուստների հիշողությունը։


