23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի հեշտ է 4-րդ կարգի բացասական արյուն գտնել, քան՝ վառելիք, չկա․ Արցախի բնակիչ

Ավելի հեշտ է 4-րդ կարգի բացասական արյուն գտնել, քան՝ վառելիք, չկա․ Արցախի բնակիչ

Արցախում այս պահին ամենասուղը դիզվառելիքի ու բենզինի խնդիրն է։ Այս մասին ABCmedia.am-ի զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի բնակիչ Պավել Ավագյանը։

«Ալյուրի խնդիր էլ ունենք, բայց խանութներում հաց, իսկ փռերում ալյուր կա, հացը մատակարարվում է, բայց մարդիկ չեն կարող ալյուր գնել, տանել, տանը թխել։ Դա արվում է նրա համար, որ մեկը 10 տոննա ալյուր չգնի»,- ասաց Պավել Ավագյանը։ 

Նրա խոսքով՝ իրենց մոտ եղանակը բարենպաստ է, իսկ այժմ բերքի ակտիվ շրջանն է ու դրա շնորհիվ ունեն թարմ բանջարեղեն։

«Սմբուկը, վարունգը, լոբին, պղպեղը, լոլիկը և այլ բանջարեղեններն արդեն հավաքում ենք։ Մեր հիմնական խնդիրը վառելիքն է ու կենցաղային մաքրող միջոցները։ Օճառի, լվացքի փոշու խնդիր էլ ունենք։ Այդտեսակ ապրանքները շատ դժվար ենք գտնում։ Ուտելիքը կա, մենք աճեցնում ենք, գլխավորը վառելիքի հարցն է։ Ես մսավաճառ եմ, բայց հիմա բենզին չունեմ, որ գնամ հարևան գյուղից անասուններ մորթեմ, բերեմ»,-ասաց Մարտունիի բնակիչը։

Պավել Ավագյանի խոսքով՝ գարին արդեն հնձել են, բերքից այդքան էլ գոհ չեն։ Մնացած ամեն ինչով շրջաններն ապահովված են։

«Ուտելիքի առումով մենք լավ ենք, բայց Ստեփանակերտում ու Ասկերանում վիճակը վատ է։ Մենք մեր ցանածով ապրում ենք, գիտեինք, որ էսպես կլինի, պատրաստ էինք, դրա համար մի սանտիմետր հող անմշակ չենք թողել, իսկ էնտեղ ցանելու ու մշակելու տարածք չկա։ Ճիշտ է՝ վաճառում են, բայց գները 2-3 անգամ թանկ են, իսկ բենզին ընդհանրապես չեն վաճառում։ Երկու-երեք հազար դրամով մեկ լիտր բենզին չես գտնի, կամ հացը, երկու հարյուր դրամով կարող ես առնել, բայց  եթե մեկ կիլոգրամ ալյուրին հազար դրամ էլ տաս՝ չես գտնի։ Ավելի հեշտ  4-րդ կարգի բացասական արյուն կգտնենք, քան՝ վառելիք, չկա»,-ասաց բնակիչը։

Մարտունու բնակչի խոսքով՝ իրենց մոտ բոլորն իրար ճանաչում են և օգնում։

«Էսօր ես եմ մեկին 50 հատ հացի փող տվել, վաղն ինձ կօգնեն, եթե պետք լինի։ Ով  դրսից բարեկամ ունի, փող են ուղարկում, հակառակ դեպքում, ո՞վ կկարողանա  բարձր գներով ու թոշակով ապրել։ Դա անհնար բան է։ Խոսում են, որ շուտով բանկերն էլ չեն աշխատի։ Չգիտենք ոնց կլինի»,- ասաց Պավել Ավագյանը։

Էլեկտրաէներգիայի  հովհարային անջատումների պատճառով մեկ այլ խնդիր է դարձել խմելու ջուրը։

«Երբ հոսանքն անջատվում է, ջրի պոմպերը չեն հասցնում մատակարարել։ Խմելու ջրի խնդիրը շատ լուրջ է։ Հոսանքն ամեն օր անջատում են, օր կա՝ 2 ժամ ենք ունենում։ Մարդիկ մինչև հասկանում են, որ ջուրը գալիս է՝ կտրվում է»,- ասաց Պավել Ավագյանը։