26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարաձգումն անհիմն է. ABC Media-ն զրուցել է իրավապաշտպանների հետ

Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարաձգումն անհիմն է. ABC Media-ն զրուցել է իրավապաշտպանների հետ

Լիդյա Մանթաշյանի կալանավորման ժամկետի երկարաձգման մասին դատարանի որոշմանը դեմ են արտահայտվում իրավապաշտպանները։

ABC Media-ի հետ զրույցում Ժաննա Ալեքսանյանը այս երևույթը խայտառակություն է որակել, որը ոչ մի չափանիշի մեջ չի տեղավորվում: Իրավապաշտպանի կարծիքով մեղադրանքը հորինված է: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազգային Ժողովում նման մեղադրանք արդեն ներկայացվում էր այն ժամանակ, երբ նույնիսկ ձայնագրությունը հրապարակված չէր։ «Նախ դատախազը թող հերքի Ազգային ժողովում իր ասածները… Հիմա, թող բացատրի, թե ինչո՞ւ էր եկել Ազգային Ժողովում մոլորեցնում հանրությանը և այդ դեպքում ինչո՞ւ պետք է ես հավատամ այդ մեղադրանքին»,- ասել է իրավապաշտպանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը  ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ անհամաչափ և ոչ իրավաչափ է կալանքի կիրառումը, սակայն Լիդյա Մանթաշյանին քաղբանտարկյալ չի համարում․ «Եթե քաղաքական նպատակահարմարություն լիներ, այդ դեպքում բոլորի հանդեպ էլ միանգամից կալանք կկիրառեին… Ուղղակի մեզ մոտ որպես խափանման միջոց կալանքների կիրառման պրակտիկայի մասին է խոսքը, որը, ցավոք սրտի՝ որպես խափանման միջոց շատ տարածված է»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ևս այն կարծիքին է, որ չնայած քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է շատ ավելի բազմազան ձևեր որպես խափանման միջոց, այդ թվում նաև տնային կալանքը, վարչական վերահսկողությունը, ինչպես նաև գրավը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Իրավապաշտպանը շեշտում է, որ այս գործով անցնող բազմաթիվ անձանց կալանքը փոխվել է տնային կալանքի, իսկ Լիդյա Մանթաշյանի դեպքում անհիմն կերպով երկարաձգվել է, այն էլ՝ երեք ամսով։ «Հիմնականում երկու ամիս են տալիս, այս դեպքում դարձյալ ասում եմ՝ հիմնավորումները հստակ չեն, թե ինչու հատկապես երեք ամիս, թե ինչու նաև հարազատների հետ շփման արգելանքներ են դրված, այս ամենը հստակորեն հիմնավորված չէ»,- ABC Media-ի հետ զրույցում պնդել է Զարուհի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատը, որի ընթացքում որոշվել է, որ «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգվել է երեք ամսով:

 

 

Ռազմագերիներ