23 Հուն
2026
-7° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բերդ քաղաքում հայտնաբերվել են 4000 տարվա պատմություն ունեցող միջին բրոնզեդարյան խեցեղեն

Բերդ քաղաքում հայտնաբերվել են 4000 տարվա պատմություն ունեցող միջին բրոնզեդարյան խեցեղեն

Բերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն․ հայտնում են համայնքապետարանից։

«Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն  են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա բանվորների օգնությամբ հողի շերտից  դուրս է բերել 3 անոթ: Համայնքապետարանն այդ հատվածում դադարեցրել է աշխատանքները:

Իսկ այսօր  պեղումներ է իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Նրա գնահատմամբ՝ «Սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ  բնորոշ է մ.թ.ա.  2-րդ հազարամյակի սկզբին: Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային  գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000  տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական  ցեղերի տեղաշարժ էր կատարվում:  Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել:  Շատ  գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են:  Հիմա փորձում ենք այս ամենը փրկել  և թողնել պատմությանը: Ցանկանում էինք Բերդի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, և շատ ուրախալի է, որ նյութը համալրվեց նոր գտածոներով:  Կարող ենք փաստել, որ հնագույն  ժամանակներից մինչև մեր օրերը այս տարածքում  միշտ ապրել են մեր նախնիները»:

Այս պահի դրությամբ հայտնաբեվել  են  5-ից ավելի անոթներ, որոնց մի մասը գունազարդ է, ինչպես նաև զոհաբերված կենդանիների՝  մեծ քանակությամբ ոսկորներ:

«Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ  բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն  մակերեսի վրա սև  ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով  դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում,  Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը  պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- հավելել է Աշոտ Փիլիպոսյանը:

Գտածոները  հետագայում տեղ կգտնեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում»-ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ