
Թրամփի վարչակազմը վաղաժամկետ լուծարել է աղմուկ բարձրացրած DOGE-ը
ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE), որը մինչև մայիսի վերջը գլխավորում էր գործարար Իլոն Մասկը, լուծարվել է նախատեսված գործունեության ժամկետի ավարտից ութ ամիս շուտ․ գրել է Reuters-ը։
Գերատեսչությունը պետք է դադարեցներ գործունեությունը 2026 թվականի հուլիսին։ DOGE-ի կարգավիճակի մասին հարցին Անձնակազմի կառավարման գրասենյակի (OPM) տնօրեն Սքոթ Կուպորը պատասխանել է, որ «նման բան չկա»՝ հավելելով, որ այն այլևս «կենտրոնացված կառույց» չէ։
Reuters-ը, հղում անելով փաստաթղթերին, հաղորդում է, որ DOGE-ի բազմաթիվ գործառույթներ փոխանցվել են OPM-ին։
DOGE-ի անհետացումը կտրուկ հակադրվում է Թրամփի վարչակազմի ջանքերին՝ ուշադրություն հրավիրելու նախարարության վրա դրա ստեղծումից հետո։
«Նախագահ Թրամփին տրվել է հստակ մանդատ՝ կրճատելու դաշնային կառավարությունում վատնումները, խարդախությունը և չարաշահումները, և նա շարունակում է եռանդուն կերպով հետապնդել այդ պարտավորությունը», – գործակալությանը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Լիզ Հյուստոնը։
Կառավարության արդյունավետության նախարարությունը ստեղծվել է որպես Թրամփի կողմից հունվարի 20-ին՝ երդմնակալության օրը ստորագրված առաջին գործադիր հրամանագրերից մեկով։ DOGE-ի մանդատն էր կրճատել պետական ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները։
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը նշանակվել է նախարարության ղեկավար։ Մասկը հրաժարական է տվել մայիսի վերջին՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ Սա տեղի է ունեցել Մասկի և Թրամփի միջև վեճի ֆոնին՝ վերջինիս առաջարկած «մեծ և գեղեցիկ օրինագծի» շուրջ։ Մասկը քննադատել է օրինագիծը, որը, նրա կարծիքով, բյուջեի դեֆիցիտը կբարձրացնի մինչև 2.5 տրիլիոն դոլար և Միացյալ Նահանգները կտանի սնանկացման։


