
«5+5» չի մնալու, կրեատիվ ու կառուցողական մտքեր ունեցողները կընդգրկվեն ադրբեջանցիների հետ հանդիպող խմբի մեջ
«5+5»-ը չի մնալու «5+5»․ այն մարդիկ, որոնք ունեն կրեատիվ ու կառուցողական մտքեր, մոտեցումներ, նրանք կներգրավեն հարաբերությունների նորմալացման համար ձևավորված խմբին․ այսօր ասուլիսի ժամանակ ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Մենք ունենք մեր պատկերացումները՝ ինչպես կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Եթե կան մարդիկ, քաղաքական ուժեր, փորձագիտական կառույցներ, որոնք ունեն ավելի լավ գաղափարներ, քան այս պահին տիրապետում ենք մենք, մենք ամեն ինչին ուշադրությամբ հետևելու ենք։ Մենք թե՛ շփումների, թե՛ բանավեճերի առումով պատրաստ ենք քննարկման»,- ասել է Նավասարդյանը։
Մենք ցույց էինք տալիս գրառումներ, հրապարակումներ՝ ցույց տալով, թե ինչպես ենք խաղաղության հասնելու այս պայմաններում։ Նույնը եղավ նաև մեր դեպքում՝ ասուլիսի ժամանակ ասել է «Անվտանգային Քաղաքականության Հետազոտական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Արեգ Քոչինյանը։
«Ադրբեջանում ցույց են տվել Հայաստանում արված հայտարարություններ՝ ասելով՝ «իրե՞նք են մեզ հետ խաղաղություն կառուցողները»։ Սա բնական ֆենոմեն է։ Ոչ մեկ Հայաստանում և Ադրբեջանում երկնքից չի իջել, որպեսզի նոր խաղաղություն սկսի կառուցել, կամ ոչ մեկ ի սկզբանե ամբողջությամբ այդ գծի մեջ չի եղել մի քանի բացառություն չհաշված։ Այնպես որ անկլալել, որ լինելու են մարդիկ, որ միշտ ու միայն խոսել են Ադրբեջանի հետ խաղաղության մասին, միամտություն է։ Ես կարծում եմ՝ մենք հիմա ունենք հնարավորություն՝ այն անելու»,- ասել է Քոչինյանը։
Նա կարծում է՝ եթե բոլորը դեպի անցյալ, պատմություն գնան՝ պարզելու, թե ով ինչ է ասել, արել, չի ստացվի։ Կարմիր գիծ ընդունում են 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-22-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը Բաքվում էր՝ քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար։


