
Ի՞նչ է կատարվել Հոմսում․ մանրամասներ՝ հայ ընտանիքների մասին
Հոմսի հայ ընտանիքները տեղեկացրել են, որ քաղաքում վիճակը կայուն է, քաղաքի հարավային թաղամասերում անվտանգային ուժեր են տեղակայվել․ տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Հոմսում երեկ ամուսիններ են սպանվել, ինչից հետո քաղաքում իրադրությունը լարվել է։ Տեղեկություններ կային, որ միջադեպից հետո ալավի և հայ բնակիչների դեմ հարձակումներ են սկսվել։ Դրանից հետո հարավային թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել, անվտանգային ուժեր են եկել՝ քաղաքում կարգուկանոնն ապահովելու համար։
Նշվում է, որ այժմ կառավարական ուժերն անում են հնարավորը՝ քաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար։ Դեպքը տեղի է ունեցել «Հայկական թաղամաս» կոչվող շրջանի մոտ, որտեղ այս պահին հայեր չեն բնակվում։ Հարակից թաղամասերում կա մի քանի հայ ընտանիք։
Հոմսի հայ բնակիչները «Գանձասարին» տեղեկացրել են, որ ըստ տեղացիների՝ տեղի ունեցածը երկու գերդաստանների միջև եղած ընտանեկան խնդրի հետևանք է։


