
Սուր շնչառական վարակի ակտիվությունն ու բժշկի ցուցումները
Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվ փուլ է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նոյեմբերի վերջին՝ տարվա 47-րդ շաբաթում սուր շնչառական վարակներով պայմանավորված 7209 անձ է դիմել բուժհաստատություն։ Առավել բարձր ցուցանիշ արձանագրվել է Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևանում։
ՀՎԿԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժշկ-համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը ABC Media-ին հայտնել է, որ նախորդ շաբաթվա համեմատ գրանցվել է հիվանդացության փոքր-ինչ աճ։ Նրա խոսքով՝ գրեթե դեպքերի 80 %-ը 0-18 տարեկան երեխաների շրջանում է։
Խաչատրյանը նշում է, որ հոսպիտալացվածների 90-95 %-ը նույնպես երեխաներ են՝ հիմնականում 0-4 տարեկանները։ Նրա խոսքով՝ այս տարիքում հիվանդացության բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես երեխաների շփումներով մանկական կոլեկտիվներում, այնպես էլ նրանց շնչառական համակարգի առանձնահատկություններով, որոնք ավելի խոցելի են վիրուսների նկատմամբ։
Մասնագետի խոսքով՝ այս շրջանում Հայաստանում շրջանառվում է սեզոնային գրիպի A (H3N2) ենթատեսակը։ Նա ընդգծում է, որ հիվանդությունը հաղթահարելի է, եթե մարդիկ հետևեն կանխարգելիչ հիմնական կանոններին։
Եվգենիա Խաչատրյանը կարևորում է հետևյալ կանխարգելիչ քայլերը․
- Պատվաստում գրիպի դեմ, որը շարունակում է մնալ պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը։
- Տարածքների օդափոխում և խոնավ մաքրում, հատկապես դպրոցներում և մանկապարտեզներում։
- Ձեռքերի հիգիենա, որը նրա ձևակերպմամբ՝ «կարևորագույն գործոն» է։
- Հագնվել եղանակին համապատասխան, քանի որ մրսածությունը նպաստում է վարակների ակտիվացմանը։
- Դիմակ կրել ռիսկային խմբերում՝ հատկապես տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար՝ մարդաշատ վայրերում և տրանսպորտում։
Խաչատրյանը զգուշացնում է՝ ինքնաբուժումը կարող է վտանգել առողջությունը, հատկապես երբ չարաշահում են հակաբիոտիկները։
«Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսային վարակների վրա։ Դրանց նշանակումը պետք է արվի միայն բժշկի կողմից»,- ասել է Խաչատրյանը։
Նա ասում է, որ թեյերն ու հեղուկները օգտակար են, բայց միայն որպես օրգանիզմին օժանդակող միջոց։
«Եթե երկու օրվա ընթացքում երեխայի կամ մեծահասակի վիճակը չի լավանում, կամ վատանում է, պետք է անհապաղ դիմել բժշկի»,-ասում է մասնագետը։
Խաչատրյանը նշում է, որ այս պահին իրավիճակը համարվում է սեզոնին համապատասխան։ Նրա խոսքով՝ պասիվ շրջանում վարակները նույնպես շրջանառվում են, սակայն փոխանցման շղթան նվազում է, ինչի պատճառով հիվանդացության ցուցանիշները ընկնում են։
Խաչատրյանի խոսքով՝ մարզերում առկա աճը կարող է պայմանավորված լինել ինչպես հիվանդացությամբ, այնպես էլ բնակչության դիմելիությամբ։
«Մենք մշտապես հորդորում ենք, որ մարդիկ ժամանակին դիմեն բժշկի։ Այդ դիմելիության բարձրացումը նույնպես կարող է ազդել թվերի վրա, և սա կարող ենք դիտարկել որպես դրական միտում՝ ծանր դեպքերից խուսափելու համար»,- եզրափակել է համաճարակաբանը։


