
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցելու նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս երկիրը չի մասնակցի գագաթնաժողովին, սակայն նրա ներկայացուցիչները տեղեկացրել են կազմակերպիչներին, որ դեմ չեն հանդիպման ընթացքում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- ասել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում։
Հաջորդ ՀԱՊԿ գագաթնաժողովը կայանալու է 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, իսկ կազմակերպությունում նախագահությունը 2026 թվականի հունվարի 1-ից կանցնի Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Վարչապետը նաև նշել էր, որ երկրի վերադարձը կազմակերպություն դառնում է ավելի բարդ, «եթե ոչ՝ անհնար»։


