ԿԳՄՍՆ-ն քննարկում է նոր դասագրքերը վերանայելու ու վերահրատարակելու հարցը
ԿԳՄՍ նախարարությունը
տեղեկացնում է, որ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների
երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։
Հաղորդագրությունում
նշված է․
«ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից
և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք
են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի
առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի
բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ,
թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:
«Դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն
դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության
իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի
դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը
դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք
մանրակրկիտ ուսումնասիրվում են:
«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական
հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել
են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս
առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները,
թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային
նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև
նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում
ստացել են դրական արձագանքներ։
Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի
առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝
նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։