26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի «Հայաստանի Pro Bono (անվճար)  իրավական համագործակցային նախագիծը» ճանաչվել է PILnet-ի` 2025 թվականի գլոբալ մրցանակի հաղթող

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի «Հայաստանի Pro Bono (անվճար) իրավական համագործակցային նախագիծը» ճանաչվել է PILnet-ի` 2025 թվականի գլոբալ մրցանակի հաղթող

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը հայտարարել է, որ իր «Հայաստանի Pro Bono իրավական  համագործակցային նախագիծը» ճանաչվել է PILnet-ի 2025 թվականի գլոբալ մրցանակի  հաղթող «Գլոբալ գործընկերություն» անվանակարգում։ PILnet-ի մրցանակները շնորհվում են  այն բացառիկ իրավական նախաձեռնություններին, որոնք իրականացվել են  համաշխարհային մակարդակով և նպաստում են սոցիալական փոփոխություններին,  քաղաքացիական հասարակության հզորացմանը և հանրային շահերի արդյունավետ պաշտպանությանը։

«Հայաստանի Pro Bono իրավական համագործակցային նախագիծն» իրականացվել է  միջազգային առաջատար իրավաբանական ընկերությունների՝ Orrick, Baker McKenzie,  Simmons & Simmons և Reed Smith, ինչպես նաև տեղական կազմակերպությունների և  իրավապաշտպանների հետ համագործակցությամբ։

Նախագծի նպատակն էր իրավական աջակցություն ապահովել այն էթնիկ հայերին, որոնք բռնի տեղահանվել են Արցախից (Լեռնային Ղարաբաղից)՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրան հաջորդած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով։

«Արցախ միություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ նախագիծը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է դիմումներ 173 զոհերի անունից։ Նախագիծը համախմբել է ավելի քան 120 կամավոր իրավաբանների տարբեր երկրներից, որոնք իրավապաշտպան Արա Ղազարյանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին պատրաստել և ներկայացրել են 113 գանգատ: Դիմումները վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներին, մասնավորապես՝ վերադարձի, սեփականության, ընտանեկան կյանքի և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքներին։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում կատարվել է ավելի քան 1600 ժամ անվճար իրավաբանական աշխատանք, ինչը վկայում է, որ համակարգված և համատեղված իրավական գործողությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ հումանիտար ճգնաժամերի պայմաններում։

«PILnet-ի այս բարձր գնահատականն ընդգծում է իրավաբանների համերաշխության և համագործակցության կենսական կարևորությունը հումանիտար ճգնաժամերի պայմաններում», – նշել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը։ «Մեր համատեղ աշխատանքն ապացուցում է, որ երբ իրավաբանները միավորում են ուժերը՝ ազգային սահմաններից դուրս պաշտպանելու մարդու արժանապատվությունն ու արդարությունը, նրանց ներդրումը կարող է ունենալ թե՛ անմիջական, թե՛ երկարաժամկետ ազդեցություն»։

«Արցախ միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Բեգլարյանը նշել է. «Այս մրցանակի ստացումը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու հրատապ անհրաժեշտության ճանաչումն է։ Այն միջազգային հանրության ուշադրությունը սևեռում է մեր դժվարությունների վրա: Նման գնահատանքի արժանանալն ամրապնդում է մեր շարունակական ջանքերը՝ ապահովելու իրավական պաշտպանություն և հաշվետվողականություն»։

PILnet-ի Գլոբալ մրցանակաբաշխության արարողությունը կայացել է 2025 թ. նոյեմբերի 13-ին, Հռոմում, որտեղ ներկայացվել և գնահատվել են աշխարհում իրականացվող նորարարական և բարձր ազդեցություն ունեցող pro bono իրավական նախագծեր։ Հայկական կողմը մրցանակաբաշխությանը ներկայացրել է մարդու իրավունքների մասնագետ Արփի Ավետիսյանը։ «Այս նախագիծն ավելին է, քան հասանելիություն արդարադատությանը դիմումատուների համար: Այն հույսի փարոս է տասնյակ հազարավոր Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց համար»,- ասել է նա:

Այս մրցանակը վերահաստատում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի թիմի անշեղ հանձնառությունը՝ կիրառելու իրավունքը որպես պատասխանատվության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության ապահովման հզոր գործիք։

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հետ համագործակցությամբ:

Ռազմագերիներ