
Միանգամից 4 օջախով հրդեհ՝ Դիլիջան ազգային պարկում․ վարկածներից մեկը դիտավորությունն է․ պատգամավոր
Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով:
Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծաքանակ հրշեջ-փրկարարներ, պարեկներ, կամավորներ:
Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրշեջ-փրկարարներին՝ անձնազոհ աշխատանքի համար:
Ցավոք, կրակը ուժգնորեն տարածվում է, և հրդեհաշիջման աշխատանքները դեռևս արդյունք չեն տալիս։
Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն, քննարկվում է նաև դիտավորության վարկածը:
Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Մինչ այս էլ հրդեհ էր բռնկցել Ճամբարակ-Թթուջուր հատվածում:
Սա աղետ է, չափազանց վտանգավոր միտում, որը կանխելու ուղղությամբ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն գործուն քայլեր՝ բնակիչների շրջանում իրազեկումից մինչև քննության պատշաճ իրականացում: Այլապես, ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը, ահռելի վնաս է հասցվում էկոհամակարգին»,- ահազանգում է պատգամավորը:


