
Խաղաղության համաձայնագրի հասնելու համար Ուկրաինան պետք է հրաժարվի որոշ տարածքներից․ Թրամփ
Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրի կետերի թիվը 28-ից կրճատվել է 22-ի․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա ընդամենը նախագիծ էր։ Դա ծրագիր չէր։ Դա հայեցակարգ էր»,- նշել է ԱՄՆ նախագահը Ֆլորիդա մեկնող ինքնաթիռում, որտեղ նա, ինչպես սպասվում է, կնշի Գոհաբանության տոնը, որն ԱՄՆ-ում նշվում է նոյեմբերի 27-ին։ Նրան խնդրել են մեկնաբանել Հանրապետական կուսակցության աջակիցների քննադատությունը, որոնք ԱՄՆ վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագրի նախնական տարբերակը համարել են չափազանց ռուսամետ։
Թրամփը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան քննարկում են տարածքների փոխադարձ փոխանակման հարցը և փորձում են սահմանազատել տարածքը։ «Անհնար է սահման անցկացնել «տան կամ մայրուղու միջով»։ Դա բարդ գործընթաց է. այն արագ չի ընթանում»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար Ուկրաինան պետք է հրաժարվի որոշ տարածքներից, հակառակ դեպքում՝ այն կկորցնի դրանք մի քանի ամսից։
«Տեսե՛ք, ամեն ինչ շարժվում է մի ուղղությամբ։ Վերջին հաշվով, այս հողերը կարող են հայտնվել Ռուսաստանի կազմում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այսպիսով՝ կա՛մ դուք ուզում եք կռվել և կորցնել ևս 50․000-60․000 մարդ, կա՛մ ուզում եք ինչ-որ բան անել հենց հիմա»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական և հարձակողական գործողությունների դադարեցումը կարող է դիտվել որպես զիջում Ուկրաինայի ճգնաժամի լուծման հարցում։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցներն ակտիվ դեր կխաղան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման գործում։
«Եվրոպան մեծապես կներգրավվի դրանում։ Մենք աշխատում ենք Եվրոպայի հետ այս ուղղությամբ։ Եվրոպան շատ է ուզում, որ պատերազմն ավարտվի, եթե հնարավոր է»,- նշել նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագիրն «անընդունելի» է Կիևի համար, և առաջարկել էր հրաժարվել դրանից։


