30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արհեստական բանականությունը՝ հակաբիոտիկներին այլընտրանք ստեղծելու միջոց

Արհեստական բանականությունը՝ հակաբիոտիկներին այլընտրանք ստեղծելու միջոց

Ֆրանսիական ստարտափ Phagos-ն օգտագործում է արհեստական ​​բանականություն (AI)՝ փորձելով ստեղծել այլընտրանք հակաբիոտիկներին․ գրում է World Economic Forum-ը։

Հակաբիոտիկների չարաշահումը հանգեցնում է համաշխարհային ճգնաժամի։

«Ամեն անգամ, երբ դուք օգտագործում եք հակաբիոտիկ, որը քիմիական մոլեկուլ է, և շարունակում եք օգտագործել նույն քիմիական մոլեկուլը, մանրէները զարգանում են և դառնում դիմացկուն այդ կոնկրետ մոլեկուլի նկատմամբ»,- ասում է Phagos-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդրոս Պանտալիսը։

Նշվում է, որ Հակամանրէային դիմադրությունը (AMR) համաշխարհային առողջապահության ամենամեծ սպառնալիքներից է․ այն տարեկան ավելի քան 1.2 միլիոն մահվան պատճառ է դառնում։

Ստարտափի մասնակիցները խնդրի լուծման համար նոր մեթոդ են մշակել․ նրանք որոշել են օգտագործել բակտերիոֆագեր։ Բակտերիոֆագերը կամ ֆագերը վիրուսներ են, որոնք հարձակվում են օրգանիզմում մանրէների վրա: Դրանք հայտնաբերվել են ավելի քան մեկ դար առաջ և մոլորակի ամենատարածված կենսաբանական միավորներն են։

Պանտալիսը նշում է, որ ֆագերը կարող են նույն աշխատանքը կատարել, ինչ հակաբիոտիկները: Սակայն վարակը բուժելու համար ճիշտ ֆագ գտնելը հսկայական մարտահրավեր է։

«Յուրաքանչյուր ֆագ սովորաբար վարակում է մանրէների միայն մեկ տեսակ։ Այս բազմազանությունն ու առանձնահատկությունը բարդացնում են որպես հակաբակտերիալ միջոցներ բակտերիոֆագերի օգտագործումը: Սակայն կենսատեխնոլոգիական ոլորտի զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է օգտագործել դրանք և մշակել հակաբիոտիկների անհատականացված և բարձր արդյունավետություն ունեցող այլընտրանքներ»,- ասում է Fagos-ի համահիմնադիր Ադել Ջեյմսը։

«Պատկերացրեք, որ Երկրի վրա կան ավելի շատ բակտերիոֆագեր, քան մյուս բոլոր կենսաբանական տարրերը միասին վերցրած: Եվ դուք պետք է գտնեք ճիշտ ֆագը և տեղադրեք այն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում՝ թերապևտիկ ազդեցություն ստանալու համար»,- ասում է Պանտալիսը՝ հավելելով, որ յուրաքանչյուր համադրություն ձեռքով ստուգելն անհնար է։

Նրա խոսքով՝ այս բարդությունն է ֆագոթերապիայի դեռևս բավականաչափ ուսումնասիրված չլինելու հիմնական պատճառներից մեկը։ Ստարտափի մասնակիցները որոշել են օգտագործել արհեստական բանականություն, որպեսզի գտնեն ամենահամապատասխան համակցությունները, ապա՝ դրանք փորձարկեն լաբորատորիայում։

Նշվում է, որ ընկերությունը մինչ օրս անցկացրել է 11 կլինիկական փորձարկում: Այն Ֆրանսիայում բուժել է ավելի քան 500․000 կենդանի՝ զգալիորեն կրճատելով կենդանիների մահացության մակարդակը։

 

Ռազմագերիներ