
Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է միջազգային կենտրոնների ուզածը, դրա համար էլ նրանք լռում են քաղբանտարկյալների հարցով․ Մամիջանյան
Երբ «Քաղաքացիական պայմանագիրը» մոտ մեկ տարի առաջ դեմ քվեարկեց հայ գերիներին Բաքվից վերադարձնելու կոչին, ավելի շուտ՝ տապալեց այդ նախագիծը, որը զրո ներքաղաքական օրակարգ ուներ, դրանից հետո իրենցից ամեն ինչ սպասելի է․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կազմակերպված քաղբանտարկյալների թեմայով լսումներին։
«Ցանկացած գործողություն, որ արվում է քաղբանտարկյալների հետ կապված, նախ առաջին հերթին բոլորիս մարդկային և երկրորդ հերթին՝ արդեն քաղաքական պարտքն է։ Այդ մարդիկ մեր պայքարի ընկերներն են․ իրենցից յուրաքանչյուրի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, և մենք պարտավոր ենք ցանկացած միջոց, ցանկացած հնարավորություն օգտագործել այդ խնդիրը բարձրաձայնելու համար։ Քաղբանտարկյալների հարցով միջազգային կառույցներին նամակներ գրում ենք, բայց արձագանքը կա՛մ չկա, կա՛մ մեզ չի գոհացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել կատարել այդ աշխատանքը։ Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը և պարտավորությունները՝ անկախ նրանից, թե ինչքան լկտի, ցինիկ լռություն է լինում միջազգային կառույցների կողմից»,- ասաց նա։
Ըստ Մամիջանյանի՝ նրանց լռությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերով և Փաշինյանի հլու-հնազանդ կատարածու լինելու փաստով։
«Ինքը ծառայի կարգավիճակով ծառայում է մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին, թերևս այդ աշխարհաքաղաքական կենտրոնները չեն ուզում իրենց ծառային փոխել կամ որևէ խնդիր առաջացնել իրենց ծառայի նկատմամբ»,- ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով օրերս հայ քաղհասարակության 5 ներկայացուցիչների այցին Բաքու՝ պատգամավորը նշեց, որ գոյություն ունի «մարդկային արժանապատվություն» հասկացություն, գնաս մի քաղաք, որտեղ պահվում են քո հայրենակիցները, և իրենց գոնե որպիսությունից չտեղեկանա՞ս։
«Առհասարակ, ի՞նչ է նշանակում քաղհասարակության ներկայացուցիչներ, նրանք աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են։ Դե իսկ Ադրբեջանում քաղհասարակություն հասկացությունն առհասարակ նոնսենս է քաղաքագիտական տեսանկյունից։ Ադրբեջանում քաղհասարակություն լինել չի կարող։ Ուստի՝ երկու ֆեյքերի հանդիպումը եկեք ես չմեկնաբանեմ։
Իրենք այստեղ էլ էին Ադրբեջանի քարոզչությունը տանում առանց Բաքու գնալու, հիմա մի քիչ ավելի մեծ ավյունով են դա անում։ Երևի ոգևորվել են, կամ ինչ-որ կերպ ոգևորել են իրենց Ադրբեջանում, ու հիմա ավելի մեծ ոգևորությամբ իրենք շարունակում են առաջ մղել ադրբեջանական նարատիվը»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ այս հանդիպումները շարունակական են լինելու, նաև լրագրողները կարող են Ադրբեջանից այստեղ գալ, և այստեղից գնալ, Մամիջանյանն ասաց. «Ասում են՝ սև խավիարը համեղ է, չգիտեմ, ես սիրահար չեմ սև խավիարի։ Դա է այդ ամբողջ գործընթացի պատմությունը, մի խումբ մարդիկ սև խավիար կկարողանան ուտել Բաքվում, ուրիշ արդյունավետություն այդ ամենը ունենալ չի կարող»։


