26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալանքի կիրառման գործընթացը պետք է ավելի թափանցիկ դառնա․ փաստաբանը խնդրի լուծման առաջարկներ է արել

Կալանքի կիրառման գործընթացը պետք է ավելի թափանցիկ դառնա․ փաստաբանը խնդրի լուծման առաջարկներ է արել

Այսօր ես հանդես եմ գալիս որպես փաստաբան, որը երկար տարիներ, գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցել է հանրային մեծ հնչեղություն ունեցող դատական գործերին, այդ թվում՝ քաղաքական տարր պարունակող։ Քաղաքական հետապնդումների հետ կապված խնդիրների մասին ես մշտապես հրապարակայնորեն բարձրաձայնում եմ․ այս մասին Ազգային ժողովում՝ «ՀՀ-ում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծին նվիրված լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Իրավական խնդիրների մասին պետք է բարձրաձայնել և լուծումներ առաջարկել։ Մենք անընդհատ խոսում ենք հայտարարությունների մասին, ինչը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց պետք են նաև գործնական քայլեր։ Եթե իշխանությունն է իրականացնում քաղաքական հետապնդումներ, ապա ցանկացած քայլ, որով փորձ է արվում դեմն առնել, բախվում է դիմադրության։ Բայց եթե այդպես մտածենք, ապա ընդհանրապես ոչինչ չպետք է անենք։ Ես համոզված եմ, որ հստակ քայլեր պետք է կանխորոշել և երկարատև, հետևողական աշխատանքով փորձել հասնել փոփոխությունների»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նա ներկայացրեց առաջարկներ․ «Կալանքի կիրառման գործընթացը պետք է ավելի թափանցիկ դառնա։ Անհրաժեշտ է հասնել նրան, որ միջդատական վարույթներում կալանքի հարցերը քննվեն դռնբաց նիստերով։ Այս հարցով մշտապես քննարկումներ ենք ունեցել, և միշտ հակադարձվում է՝ իբր նախաքննական գաղտնիքը կարող է բացահայտվել։ Բայց այստեղ մենք գործ ունենք մարդու հիմնարար՝ անձնական ազատության իրավունքին, և այդ իրավունքը պետք է կարողանա հակակշռել նախաքննական գաղտնիքի պահանջին»։

Ըստ նրա, եթե օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան, եթե ձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք թիրախային ձևով այս ուղղությամբ կաշխատեն, այդ փոփոխությունը տեղի կունենա։

«Դռնբաց դատավարությունների դեպքում այն քննիչներն ու դատախազները, որոնք գալիս են դատարան և ներկայացնում անհիմն միջնորդություններ, պարզապես կխայտառակվեն հանրության աչքի առաջ, ոչ միայն դատավորի ու փաստաբանի ներկայությամբ։

Այսօրվա համակարգում, եթե գործը դեռ դատարան չի հասել, կալանքի հարցերը մակագրում է դատարանի նախագահը, այսինքն՝ ով ուզում է, նրան էլ նշանակում են։ Վերջերս նոր մեթոդ են ներդրել՝ Երևանում բոլոր դատարանները հերթապահ են դարձնում, որպեսզի կարողանան ցանկացած դատավորի ընտրել։ Եթե կարողանանք միջազգային կառույցների կամ դոնորների աջակցությամբ ֆինանսավորում ապահովել, իշխանությունն այլևս չի կարող ասել, թե միջոցներ չկան»,- ասաց նա։

Միաժամանակ Սարգսյանը հիշեցրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ժամանակին հայտարարել էր, որ մակագրման համակարգում միջամտություններ են եղել, ինչի պատճառով այն առգրավվել էր ԱԱԾ-ի կողմից փորձաքննության համար․ «Սա նշանակում է, որ նույնիսկ համակարգի ներդրումից հետո երաշխիք չկա, որ միջամտությունները չեն շարունակվի։ Այդ պատճառով առաջարկում եմ օրենքով սահմանել, որ համակարգը տարին մեկ անգամ պետք է անպայման անցնի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից իրականացվող փորձաքննություն՝ բացառելով միջամտությունների հնարավորությունը։ Հետևաբար, առաջարկում եմ, որ համապատասխան խմբակցությունները հենց այս ուղղությամբ ձևավորեն հանձնախմբեր և կատարեն թիրախային աշխատանք, որպեսզի առարկայական լուծումները կյանքի կոչվեն»։

 

Ռազմագերիներ