
Մշակվել է ռոբոտ, որը կօգնի կենցաղային հարցերում
Ռոբոտները դանդաղորեն իրենց տեղն են զբաղեցնում գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում, և ի վերջո, մեր տներում․ գրում է Euronews-ը։
Օսլոյի համալսարանի հետազոտողները Tiago մարդանման ռոբոտին օգտագործում են՝ ստուգելու, թե ինչպես են ռոբոտները շարժվում շրջակա միջավայրում, շփվում մարդկանց հետ և որոշումներ կայացնում։
Tiago-ն Pal Robotics ընկերության մշակած ռոբոտն է, որն ունի շարժական հիմք, մեխանիկական ձեռք և առարկաներ բռնելու համար նախատեսված բռնիչ։
Նշվում է, որ պատմականորեն ռոբոտներն օգտագործվել են արտադրության մեջ, սակայն այժմ դրանք ավելի ու ավելի շատ են սկսել օգտագործվել գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում։
Օրինակ՝ ապրիլին Միացյալ Թագավորության առողջապահության և խնամքի ազգային ինստիտուտը հավանություն է տվել 11 ռոբոտային վիրաբուժական համակարգերի օգտագործմանը՝ փափուկ հյուսվածքների և օրթոպեդիկ պրոցեդուրաներ անցնող հիվանդներին օգնելու համար:
Պրոֆեսոր Կայ Օլավ Էլեֆսենի խոսքով՝ չնայած նման առաջընթացին, ռոբոտները լիովին չեն փոխարինի բժիշկներին։
«Չեմ կարծում, որ ռոբոտներն իսկապես կվերցնեն այս տեսակի աշխատանքներն իրենց ձեռքը»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանց կօգտագործեն բժիշկներին ու վիրաբույժներին օգնելու համար։
Չնայած ռոբոտաշինության մեջ արհեստական բանականության օգտագործման աճին և տարածվող վախին, որ այն կտիրանա աշխարհին, Էլեֆսենը չի հավատում նման ապոկալիպտիկ ապագային։ Նա կարծում է, որ մինչև 2030 թվականը որոշ մարդիկ կգնեն մարդակերպ ռոբոտներ՝ առօրյա գործերում իրենց օգնելու համար։ Սակայն ըստ պրոֆեսորի՝ այդ ռոբոտները, հավանաբար, «չափազանց թանկ» կլինեն և ոչ այնքան հուսալի (դրանք կարող են հաճախ փչանալ), ուստի մարդկանց մեծ մասին ձեռնտու չի լինի դրանք գնել։


