
Կրակի բռնկումը պատահական չէ. Գառնիկ Դանիելյանը խոսել է մոլեգնած հրդեհների մասին
Մի քանի օր է, ինչ Տավուշի, Գեղարքունիքի մարզերում հրդեհներ են։ Մի քանի օր առաջ Ճամբարակի հատվածում էին շատ մեծ ցանքատարածություններ և անտառներ այրվում, այնուհետև կրակը տեղափոխվել է Տավուշի մարզ․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Երեկ ինձ ահազանգեցին, որ չորս օջախ կա՝ «Կազաչի» հանդամասում օջախը, մյուսը՝ «Լեռնային Հայաստան» հանգստյան տան վերևի հատվածում, երրորդը ոլորանների մոտ էր մեծ օջախ, և չորրորդը Սեմյոնովկա գյուղի հարակից հատվածում էր, որը սպառնում էր հասնել գյուղ։
Ամբողջ գիշեր աշխատանքներ են տարվել, և ի պատիվ փրկարարների և կամավորների անձնվեր աշխատանքի՝ որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կային։ Այնտեղ, որտեղ ես գիշերը եղել եմ, հաջողվել է կրակը մարել։ Իրավիճակի հետ կապված՝ առավոտյան ինձ տեղեկացրին, որ ՊՆ-ի ուղղաթիռներ են ներգրավել»,- ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ գիշերն իրեն թվում էր, թե իրավիճակն արդեն չի կառավարվում, քանի որ կրակը մեծ ուժգնությամբ մոտենում էր ներքևի հատվածներին, սակայն փրկարարների պայքարն իր պտուղները տվել է։
Անդրադառնալով պատճառներին՝ Գառնիկ Դանիելյանը նշեց. «Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ չեմ ուզում հիմա գնահատականներ տալ, որովհետև շատ նախնական կլինի, և կարող է և այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ այս ամենը պատահական բռնկված կրակ չէ։ Այն, որ հրդեհները տարբեր տեղերում են, ինձ հիմնավոր կասկած է տալիս, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել։ Անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է՝ պիտի պարզի քննությունը, բայց իմ խորին համոզմամբ՝ դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է»։
Պատգամավորն ընդգծեց, որ հրդեհի տարածմանը նպաստում է չոր խոտը, չորացած, քամատապալ ծառերը։


