
Հռոմի պապ Լևոն XIV-ը ժամանել է Թուրքիա
Հռոմի պապ Լևոն XIV-ը գտնվում է Թուրքիայում։ Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։
Հռոմի պապը նախ կայցելի Անըթքաբիր դամբարան (Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը)։ Այնուհետև նրան Անկարայի նախագահական նստավայրում կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Պապի՝ Ստամբուլ այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Այնտեղ Հռոմի պապը կհանդիպի Բարդուղիմեոս պատրիարքի հետ և կստորագրի համատեղ հայտարարություն։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին ամերիկացի պապը խոսելու է միջկրոնական և էկումենիկ հարաբերությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային լարվածության մասին։
Այս տարի Թուրքիա մեկնելու հիմնական դրդապատճառը Նիկիայի ժողովի՝ քրիստոնեության առաջին էկումենիկ ժողովի 1700-ամյակի նշումն է։
Թուրքիայում մեկ այլ նշանակալի պահ կլինի Լևոն XIV-ի՝ նոյեմբերի 30-ի աղոթքը Ստամբուլի հայկական առաքելական տաճարում։


