02 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրվում է իշխանությունը բռնի զավթելու փորձի համար

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրվում է իշխանությունը բռնի զավթելու փորձի համար

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել։ Նրան ձերբակալել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը, մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ)․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գործը դիտարկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի գործի շրջանակում, որին մեղսագրվում է իշխանության բռնի զավթում կամ պահպանում, սահմանադրական կարգի բռնի փոփոխություն և պետական դավաճանություն:

Հայտնի է, որ գործի շրջանակում հարցաքննվում են տարբեր անձինք։

Հարցաքննություններից հետևում է, որ հիմնական կասկածելի գործարքները, որոնց սցենարը գրվել է Ռուսաստանում, սկսվել են 2012-2013 թվականներին։

2012 թվականին Աբբաս Աբբասովը՝ Ռամիզ Մեհդիևի մտերիմ ընկերը, հիմնադրել է Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը, որը բոլորին հայտնի է որպես «Միլիարդատերերի միություն»։

IBRUS ընկերության սեփականատեր Ռուստամ Իբրահիմբեկովն Աբբասովի հետ միասին դարձել է «Միլիարդատերերի միության» համակարգող խորհրդի անդամ։ Դրանից անմիջապես հետո Ռուստամ Իբրահիմբեկովն իր առաքելության շրջանակում Ալի Քերիմլիի, Ջամիլ Հասանլիի և Գյուլթեքին Հաջիբեյլիի հետ միասին ստեղծել են «Ազգային խորհուրդը», որը ֆինանսավորել է «Միլիարդատերերի միություն»-ը։ Ըստ տեղեկության՝  Ալի Քերիմլին իր ղեկավարած կուսակցությունը վերածել է Ռուսաստանում բնակվող Ռուստամ Իբրահիմբեկովի ստեղծած «Ազգային խորհրդի» գործիքի։

Ըստ նախկինում լրատվամիջոցներում շրջանառվող հաղորդագրությունների՝ Պետանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նյութեր, որոնք վերաբերում են «Միլիարդատերերի միության» հետ կապերին, նաև Ռամիզ Մեհդիևի գրած և լրատվամիջոցներում չհրապարակված նամակը և այլ փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Ալի Քերիմլին Ադրբեջանի նախագահին և նրա գործողությունները քննադատող ընդդիմադիր գործիչ է, որի դեմ պարբերաբար հարուցվում են տարբեր քրեական գործեր։ Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ դրանք ուղղված են Ադրբեջանում այլախոհությունը վերացնելուն և ընդդիմադիր ձայները լռեցնելուն։

 

 

Ռազմագերիներ