
Վենեսուելայի նախագահը պատրաստ է հրաժարական տալ 18 ամսից․ CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ չխոսելով զրույցի մանրամասների մասին․ գրում է CNN-ը։
«Ես չեմ ուզում մեկնաբանել դա. պատասխանը՝ այո։ Ես չէի ասի, որ այն լավ կամ վատ է անցել։ Դա հեռախոսազրույց էր», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նրա և Մադուրոյի միջև եղել է հեռախոսազրույց։
Անդրադառնալով Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին սոցցանցերում օրեր առաջ արված իր նախազգուշացմանը՝ Թրամփը նշել է, որ նախազգուշացումն արվել է, «քանի որ մենք Վենեսուելային համարում ենք ոչ այնքան բարեկամական երկիր»։
Թրամփի՝ հեռախոսազրույցի հաստատումից մի քանի րոպե անց Մադուրոն մի քանի օրերի ընթացքում առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել՝ վերջ դնելով երկրում իր փախուստի մասին խոսակցություններին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Դոնալդ Թրամփը սոցցանցերում արված հրապարակման մեջ զգուշացրել էր ավիաընկերություններին, օդաչուներին և հանցավոր ցանցերին խուսափել Վենեսուելայի օդային տարածքից։
«Խնդրում եմ Վենեսուելայի և շրջակա օդային տարածքը համարել ամբողջությամբ փակ», – գրել էր նա։
Թրամփի այս հայտարարությունը հնչել է Մադուրոյին պաշտոնանկ անելու՝ նրա վարչակազմի ակտիվ ջանքերի ֆոնին: Նշվում է, որ հարավամերիկյան երկրից միգրանտների և թմրանյութերի անօրինական հոսքը կանխելու նպատակով ԱՄՆ նախագահը ստորագրել է Վենեսուելայի ներսում ԿՀՎ-ի գործունեության ծրագրեր: Թրամփը Մադուրոյին և նրա կառավարության դաշնակիցներին ճանաչել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամներ․ մի քայլ, որը, ըստ վարչակազմի պաշտոնյաների, ԱՄՆ-ին կտա Վենեսուելայի ներսում ընդլայնված ռազմական գործողություններ իրականացնելու պատրվակ:
Հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին՝ CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ավելի վաղ տեղի ունեցած ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է ի վերջո հրաժարական տալ՝ նշելով, սակայն, որ դա չի լինի 18 ամսից շուտ։ Նշվում է, որ քանի դեռ որոշ ամերիկացի պաշտոնյաներ այս տարբերակը համարում են հակասությունների լուծման հնարավոր տարբերակ, Սպիտակ տունը պատրաստ է աջակցել միայն այն ծրագրին, որը նախատեսում է Մադուրոյի անհապաղ հրաժարականը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վենեսուելայի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են Կարիբյան ծովում ամերիկյան ռազմանավերի ու զորքերի կուտակման պատճառով։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Վենեսուելա ռազմանավեր ուղարկելու նպատակը ոչ միայն թմրավաճառների դեմ պայքարն է, այլև երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկությունը։ ԱՄՆ-ն նրան լեգիտիմ ընտրված նախագահ չի համարում։


