
Բրյուսելի և Վաշինգտոնի հարաբերությունները «հավասարը հավասարի» չեն․ Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մտադիր է ԵՄ առաջնորդներին հրավիրել Բելգիայում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման՝ քննարկելու Եվրոպայի մրցունակության հարցը․ գրում է Politico-ն։
Պորտուգալական Expresso օրաթերթին տված հարցազրույցում Կոշտան նշել է, որ դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին Ալդեն Բիզենի ամրոցում՝ Բելգիայի արևելյան Լիմբուրգ շրջանի XVI դարի խրամատապատ համալիրում։
Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ առաջնորդները քննարկել էին Եվրոպական հանձնաժողովի առաջարկը՝ խթանելու համաեվրոպական արդյունաբերական վերածնունդը՝ ԵՄ 2028-2035 թվականների բյուջեում հետազոտությունների, պաշտպանության և նորարարության համար նախատեսված միջոցները միավորելով։
Կոշտան հավելել է, որ իր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ԵՄ-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունների կայունացումն է: Նա ընդունել է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև դինամիկան «տարբեր» է, քան նախկինում էր։
Կոշտան հավելել է, որ ԵՄ-ի համար կարևոր է «մնալ հանգիստ և շարունակել ձգտել կառուցողական լինել» Թրամփի հետ գործ ունենալիս։ Նա նշել է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի հարաբերությունները «հավասարը հավասարի» չեն։ Նրա խոսքով՝ ԵՄ-ը կազմված է 27 անդամ երկրներից, «որոնցից յուրաքանչյուրն ունի իր քաղաքականությունն ու շահերը», մինչդեռ ԱՄՆ-ն գործում է որպես մեկ դաշնային կազմավորում։


