
Կեչառիսում հայտնաբերվել են միջնադարյան տապանաքարեր և համալիրի ամենահին եկեղեցին
Կեչառիսի վանքային համալիրի Կաթողիկե եկեղեցու շրջակայքը բարեկարգելիս՝ բացվել են տապանաքարեր, որի պատճառով աշխատանքները դադարեցվել են և սկսվել են հնագիտական ուսումնասիրություններ (հնագետներ՝ Հ. Բադալյան, Տ. Ալեքսանյան)․ Facebook-ի իր էջում գրում է հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը։
Կաթողիկե եկեղեցու հարավային և արևմտյան մասում բացվեց արձանագիր և հարթ տապանաքարերով միջնադարյան ընդարձակ գերեզմանոց։ Սակայն ամենամեծ արդյունքը եղավ Կաթողիկեի արևմտյան կողմում, հողի հաստ շերտի տակ պահպանված վաղմիջնադարյան եկեղեցու հայտնաբերումը։ Այն կառուցված է տուֆով, իր հորինվածքով պատկանում է քառախորան, կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին և թվագրվում է 6-7-րդ դարեր։
Սա վանքային համալիրի տարածքում պահպանված ամենահին կառույցն է, որի մասին մինչ օրս ոչ մի տեղեկություն չկար։ Բուն եկեղեցու պեղումներն ավարտվել են, սակայն տարածքը որոշ ժամանակ կշարունակի մնալ փակ, քանզի մոտ օրերին կսկսվեն նաև նորահայտ եկեղեցին ժամանակավոր ծածկի տակ առնելու աշխատանքները՝ տեղումներից պաշտպանելու և հնարավոր փլուզումներից խուսափելու նպատակով»,- նշում է հնագետը։


