
Ադրբեջանում Իրանի դեսպանը վերահաստատել է Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին
Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն հայտարարել է Քելալե-Աղբենդ շրջանում Արաքս գետի վրա նոր սահմանային անցակետի մոտալուտ բացման մասին։
Նրա խոսքով՝ այս անցակետը կգործարկվի առաջիկա ամիսներին․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայում մշակում են համատեղ նախագիծ, որի նպատակն է պարզեցնել առևտրային ընթացակարգերը և ստեղծել արդյունավետ տարանցիկ ուղի Ադրբեջանով։
Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին՝ Դեմիրչիլուն վերահաստատել է Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման և սահմանային գոտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։
Իրանի դեսպանը դատապարտել է ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների պատժամիջոցային քաղաքականությունը՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքին հակասող։ Նա կոչ է արել հարևան երկրներին չտրվել արտաքին ճնշմանը և կանխել երրորդ կողմի միջամտությունն Իրանի հարևանների հետ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։


