26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս կարող է տարադրամի փոխարժեքի սովորական արժևորման արդյունքում առաջացած թվային տարբերությունը հայտարարվել «ապօրինի եկամուտ»

Ինչպե՞ս կարող է տարադրամի փոխարժեքի սովորական արժևորման արդյունքում առաջացած թվային տարբերությունը հայտարարվել «ապօրինի եկամուտ»

Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը վերջին տարիներին վերածվել է ոչ միայն իրավական, այլև հասարակական լուրջ քննարկման թեմայի։ Սակայն քննարկումների կենտրոնում հաճախ մնում են կոնկրետ գործերը, մինչդեռ ավելի խորքային խնդիրն այն մեթոդաբանությունն է, որի միջոցով դատախազությունը որոշում է՝ քաղաքացու ունեցվածքը համարվո՞ւմ է արդյոք ապօրինի, թե ոչ։ Եվ հենց այդ մեթոդաբանական մոտեցումն է այսօր վտանգի տակ դնում իրավական կանխատեսելիության հիմքերը։

Այս մտահոգությունն առավել տեսանելի դարձավ մի պարզ, բայց շատ ցցուն օրինակով, որը երեկ ներկայացվեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դատական նիստի ընթացքում. այն է, թե ինչպես կարող է տարադրամի փոխարժեքի սովորական արժևորման արդյունքում առաջացած թվային տարբերությունը հայտարարվել «ապօրինի եկամուտ»։

Դավիթ Հարությունյանը սեփական գործի օրինակով ներկայացրեց հետևյալ օրինակը։ Պատկերացնենք, որ 2008թ.-ին քաղաքացին օրինական եղանակով ստանում է 5000 ԱՄՆ դոլար, որն այդ ժամանակվա փոխարժեքով (300 դրամ) գնահատվում է 1 500 000 դրամ։ Մեկ տարի անց՝ 2009թ.-ին, քաղաքացին այդ նույն 5000 ԱՄՆ դոլարով գնում է կատարում, սակայն այդ ժամանակվա փոխարժեքով (400 դրամ) 5000 ԱՄՆ դոլարն արդեն գնահատվում է 2 000 000 դրամ։ Փոխարժեքի բնական տատանումների արդյունքում առաջանում է 500 000 դրամի տարբերություն, սակայն քաղաքացին փաստացի չի իրականացրել ո՛չ նոր գործարք, ո՛չ ներդրում, ո՛չ այլ եկամտաբեր գործունեություն։ Եվ ամենահետաքրքիրն ու անտրամաբանականը սկսվում է հենց այստեղից, երբ պարզվում է, որ դատախազությունը, ապօրինի գույքի բռնագանձման գործերի հայցադիմումները կազմելիս, տարիների ընթացքում փոխարժեքի բնական տատանումներից առաջացած տարբերությունները դիտարկում է որպես «ապօրինի» եկամուտ։ Ընդ որում, դատական նիստի ժամանակ ծավալված երկար բանավեճի արդյունքում նման մեթոդաբանության կիրառումն ի վերջո հաստատեց նաև դատախազության ներկայացուցիչը։ Այսինքն՝ ստացվում է, որ փոխարժեքի վերափոխումը դառնում է իրավական մեղադրանքի հիմք, այն դեպքում, երբ դա հնարավոր չէ դիտարկել որպես եկամուտ, շահույթ կամ հարստացում՝ մի խոսքով՝ կապ չունի կոռուպցիոն վարքագծի հետ։

Եթե շարժվենք դատախազության տրամաբանությամբ, ապա յուրաքանչյուր քաղաքացի, ով արտարժույթով գումար ունի, կարող է տեսականորեն հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, քանի որ փոխարժեքը մշտապես տատանվում է։ Այս տարբերակով ցանկացած մարդու օրինական գումարի մի մասը մաթեմատիկական գործողությունների արդյունքում կարելի է դարձնել «կասկածելի»։ Այստեղ հարց է առաջանում՝ դատախազության խնդիրն ապօրինի հարստացումը պատժե՞լն է, թե՞ շուկայի տատանումները։

Ռազմագերիներ