
ԱԱԾ-ականները՝ Գյումրիի եկեղեցիների շուրջ․ ABC Media-ին փաստաբանը մանրամասներ է հայտնել
Փաստաբան Կարապետ Պողոսյանը, Գյումրիում տիրող իրավիճակը մեկնաբանելով, նշեց, որ ներկայում պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչո՞ւ են ԱԱԾ-ի աշխատակիցները Գյումրիում։ Նրա խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցների ներկայության մասին կադրերը քաղաքացիներն են փոխանցել։
Պողոսյանը հիշեցրեց, որ նախօրեին ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել էին նաև Մծբնեցի եկեղեցի՝ հոգևորականներին համոզելու կամ պարտադրելու, որ հատուկ երկրի ղեկավարի համար պատարագ կազմակերպվի՝ առանց Ամենայն հայոց կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդի անունների հիշատակման։
«Իմ համոզմամբ՝ այս ամենը կապված է այդ սպասվող պատարագի հետ։ Փաստացի Գյումրիում հակաեկեղեցական ճնշման գործընթացը մինչ այս պահը չի հաջողել Փաշինյանը»,- ասաց նա։
Պողոսյանի գնահատմամբ՝ Գյումրիում իշխանությունն այս հարցում «լուրջ հետընթաց է ապրել»:
«Փաշինյանը, ըստ էության, այստեղ իր նախաձեռնած հակաեկեղեցական պայքարում պարտվեց։ Բայց, գիտակցելով նրա բնավորությունն ու իր առաջադրած հանձնարարությունները կործանարար հետևողականությամբ իրականացնելու սովորությունը, ես անկեղծորեն մտահոգ եմ թե՜ գյումրեցիների, թե՜ հոգևորականների անվտանգության համար»,- ասաց Պողոսյանը։
Նա հիշեցրեց նաև Արշակ սրբազանի ձերբակալության մասին՝ այն որակելով որպես նոր ճնշում Եկեղեցու նկատմամբ․
«Այս պահին ակնհայտ է, որ օրվա իշխանությունն իրականում պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։ Խնդիրը ոչ թե մեկ հոգևորականի կամ մեկ առաջնորդի դեմ է, այլ եկեղեցու հեղինակությունը նվազեցնելու և այն մասնատելու փորձ։ Այս մասին, ի վերջո, բաց տեքստով խոսել էին նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդները»։
Պողոսյանն ընդգծեց․ «Մեզ՝ հայերիս, այսօր մնում է միայն մի բան՝ համախմբվել և ամեն կերպ սատարել Հայ առաքելական եկեղեցուն»։


