
Բայրամովը Եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարական խորհրդի 32-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, Հարավային Կովկասում հակամարտություններից հետո ստեղծված իրողություններն, ինչպես նաև վերջին զարգացումներն ու ակնկալիքները խաղաղության օրակարգի շրջանակներում։
Բայրամովը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, կազմակերպության առջև ծառացած ներկայիս մարտահրավերները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Ընդգծվել է, որ այն ժամանակ, երբ Եվրոպայում անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների, կարևոր է անվերապահորեն պահպանել միջազգային իրավունքը, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։
Նախարար Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին ներկայացրել է հետհակամարտական շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և իրողությունները, Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացից ակնկալիքները։
Նշվել է, որ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարումը կարևոր է ԵԱՀԿ-ի արդյունավետության բարձրացման և դրա գործունեությունը տարածաշրջանային իրողությունները հաշվի առնող ձևով կազմակերպելու համար։
Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Բայրամովն իր զրուցակցին ներկայացրել է Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության հեռանկարները և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ծրագրերը։


