
Ամերիկացի գեներալը վստահ է Եվրոպայի ուժերի վրա․ ամերիկյան զորքերի թվի նվազումը չի ստեղծի լրացուցիչ ծանրաբեռնվածություն
Եվրոպայում ամերիկյան զորքերի թվի նվազումը չի ստեղծի լրացուցիչ ծանրաբեռնվածություն մայրցամաքի պաշտպանության համար․ Politico-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
«Ես վստահ եմ Եվրոպայի և Կանադայի կարողությունների վրա։ Մենք այսօր պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճգնաժամի կամ արտակարգ իրավիճակի», – նշել է ամերիկացի գեներալը։
Գրինկևիչի մեկնաբանությունները հնչել են նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա պաշտպանական ռազմավարության հետևանքով Եվրոպայից ամերիկյան զորքերի սպասվող դուրսբերման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Այսպես կոչված դիրքորոշման վերանայումն, ինչպես կանխատեսվում է, կներառի ԱՄՆ ուժերի վերաբաշխում Եվրոպայից դեպի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Այդ տեղաշարժն արդեն սկսվել է, քանի որ ԱՄՆ-ն անցյալ ամիս Ռումինիայից դուրս է բերել 800 զինվորական։ Բուխարեստը կոչ է արել Վաշինգտոնին չեղյալ համարել այս որոշումը։
Եվրոպայում գտնվող 85,000 ամերիկյան զորքերի կրճատման վերաբերյալ մտահոգությունը նաև արտացոլում է Թրամփի օրոք դաշինքի նկատմամբ Վաշինգտոնի հանձնառության շուրջ ավելի լայն բանավեճը։


