Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են, կան տասնյակ ձերբակալվածներ
Ֆրանսիայում շարունակվող անկարգությունների արդեն վեցերորդ օրը բերման է ենթարկվել 78 մարդ, որոնցից 20-ը՝ Փարիզում։ Սա փոքր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել նաև Լիոնում։
Ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։
Պատճառը Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանության կողմից 17-ամյա քաղաքացու սպանությունն է։ Միջադեպից հետո ցուցարարները տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ, այս ընթացքում այրվել է ավելի քան 1300 մեքենա, հրկիզվել 234 շենք։