
Արտավազդ Սահակյան․ հրաշագործ մատներով երկրորդ կյանք տվողը
Հայաստանի բժշկական համայնքում անվանիների պակաս չկա, պլաստիկ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը նրանցից մեկն է։ Բժիշկ էր, որի մոտ հիվանդները պարզապես բուժվելու չէին գնում, այլ վստահելու ամենաթանկը՝ մարմինը՝ վիրահատական սեղանից առավել գեղեցիկ «վերածնված» արթնանալու հույսով։
Արտավազդ Սահակյանը ծնվել է Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գեղեցիկ բնության գրկում։ Փոքր տարիքից, պատմում են մտերիմները, աչքի է ընկել ձեռքերի ճկունությամբ, նուրբ և մանրակրկիտ աշխատանքների հանդեպ անսովոր զգայունությամբ։
Բժշկական համալսարան ընդունվելը ոչ թե պարզապես մասնագիտություն ձեռք բերել էր, այլ կյանքի կոչում։ Ավարտելուց հետո ընտրում է այդ տարիներին Հայաստանում նոր-նոր էր սկիզբ առնող և զարգացող ուղղություն՝ միկրովիրաբուժությունը։ Փոքր, երբեմն մազի հաստության անոթները, նյարդերը կարելը, վերականգնելն ու կտրված մատներին, ընդհուպ վերջույթներին երկրորդ կյանք էր տալիս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրումով։
Այսպես, օրինակ, երիտասարդը, որի ձեռքը պայթյունից վիրավորվել էր, ավելի ճիշտ՝ մասնատվել, կարողացավ նորից գդալ բռնել։ Դեմքը չկորցրեց ճանապարհատրանսպորտային վթարից տուժած կինն ու այրվածքից հետո ողջ մնաց 6-ամյա երեխան՝ մաշկի փոխպատվաստման շնորհիվ։
Նա «պայքարում» էր նույնիսկ բնության հետ՝ վերացնելով նորածինային արատները․ մատների ասիմետրիկ դասավորություն, նապաստակի շրթունք և այլն։
Իհարկե, ամենամեծ երկրպագուները հատկապես կանայք ու աղջիկներն էին, որ ցանկանում էին փոքրիկ, ոչ հայկական և գեղեցիկ քիթ ունենալ։
Արտավազդ Սահակյանն անառարկելի մեծություն էր հատկապես զինհաշմանդամների համար, որոնց մեծ մասը կարող էր մնալ առանց ձեռքի, ոտքի, կամ, գուցե, կենդանի չլիներ, եթե չլինեին բժշկի հրաշագործ մատները։
Մեծ է նրա ավանդը նաև Հայաստանում միկրովիրաբուժությունը զարգացնելու հարցում․ ոլորտի լավագույն բժիշկները, որպես կանոն, անցել են «Արտո Բագրատիչի դպրոցը»։
72 տարեկանում մահացած բժշկի կյանքն ու գործունեությունն ապացույցն են այն բանի, որ մեկ մարդու նվիրումը կարող է հրաշքից էլ զորեղ լինել։


