
Իրանը կարող է ընդունել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ՝ վստահություն ձևավորելու համար․ ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը. ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Գլխավոր խոչընդոտը մնում է ԱՄՆ-ի դժկամությունը՝ ճանաչելու Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ ուրանի հարստացման իրավունքը՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի: Ըստ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի՝ մենք համաձայնել ենք ուրանը հարստացնել միայն մինչև 3.67% և 15 տարի, ոչ թե ընդմիշտ: Միակ բանը, որը մենք պատրաստ ենք ընդմիշտ ընդունել, Իրանի պարտավորությունն է երբեք չմշակել միջուկային զենք»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Իրանը կարող է ընդունել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ՝ վստահություն ձևավորելու համար։
«Սակայն այս սահմանափակումները կլինեն միայն որոշակի ժամանակահատվածի համար, այլ ոչ թե՝ հավերժ, քանի որ մենք չենք կարող որոշումներ կայացնել ապագա սերունդների համար: Համակարգը, որը ճանաչում է Իրանի իրավունքը խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաները, ներառյալ հարստացումը, ընդունելի է, և մենք պատրաստ ենք վստահություն ձևավորել դրա նկատմամբ: Մենք կարող ենք նույնիսկ համաձայնվել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս մոնիթորինգի մեխանիզմների հետ»,- ընդգծել է Արաղչին:


