
Ադրբեջանում մեկնարկել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ դատավարությունը
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ դատավարությունը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ստեփանակերտում անօթևան կատուներին պայուսակներով կեր տանող Ավանեսյանին Ադրբեջանը որպես ահաբեկիչ է ներկայացնում։ Իբր 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր», հետո, իբր, նա «կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ»։ Պատասխան կրակի հետևանքով նա վիրավորվել և ձերբակալվել էր։
Կարեն Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

