
Ի՞նչ են գտել Արցախի ներկայացուցչությունում խուզարկության ժամանակ․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Փրկարար ծառայության միջոցով բացված սեյֆից հայտնաբերվել են միայն դատարկ թղթապանակներ և մեկ թերթ՝ «Ազատ Արցախից»․ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Սա է ամբողջը։ Սեյֆը ջարդել են, գույքը վնասել, բայց արդյունքում՝ դատարկ թղթապանակներ։ Ո՞վ է այս վնասի համար պատասխանատու՝ դեռ պետք է պարզել»,-ասել է նա։
Խուզարկության ընթացքում առգրավվել են համակարգչային կոշտ կրիչներ և այլ նյութեր, որոնց, ըստ փաստաբանի, «կոնկրետ վարույթին վերաբերելի լինելը մեծ հարցականի տակ է»։
«Մենք տիրապետում ենք դրանց բովանդակությանը և վստահ ենք, որ այդ նյութերը որևէ կապ չունեն քննվող վարույթի հետ»,- ընդգծել է նա։
Փաստաբանն ասել է, որ ներկայացուցչության շենքում կարող են լինել բացառապես Արցախի պատերազմի, զոհերի, վիրավորների, մշակութային արժեքների կամ տեղահանվածների վերադարձի հետ կապված փաստաթղթեր, բայց ոչ այնպիսի նյութեր, որոնք կարող են վերաբերվել Հայաստանի կամ Արցախի տարածքում իրականացված ենթադրյալ իրավախախտումներին։
«Այստեղ որևէ քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթուղթեր լինել չեն կարող»,-նշել է Երիցյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել հենց Արցախի Սահմանադրության օրվա առթիվ անցկացված խորհրդարանական լսումներից մեկ օր անց՝ արձագանքելով հնչեցված դիրքորոշումներին։
«Ակնհայտ է, որ այդ հայտարարությունները դուր չէին եկել Հայաստանի ներկայիս իշխանություններին»,- ասել է Երիցյանը։
Նա հաստատել է, որ դատարանը իր որոշման հիմքում նաև նշել է Սամվել Կարապետյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը, սակայն ընդգծել է․ «Կարապետյանի մասով այստեղ կարող էին գտնել միայն բարեգործական ծրագրերի նյութեր։ Որևէ այլ բան այստեղ չկա և չի կարող լինել»։
Խուզարկությանը, ըստ նրա, մասնակցել են Քննչական կոմիտեն և ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ԱԱԾ-ի ներգրավվածությունը փաստաբանը բացառել է։
Միաժամանակ ընդգծել է, որ ԱԱԾ-ն ավելի վաղ արդեն ուսումնասիրել է շենքը, զեկուցագիր ներկայացրել գլխավոր դատախազությանը, ինչի հիման վրա դատարանում սկսվել է վարչական գործընթաց՝ Արցախի ներկայացուցչության գույքը 2026-ի մարտին սեփականազրկելու պահանջով։

