22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արվեստը որպես մարդու ներքին թռիչք». Նկարիչների միությունում շարունակվող ցուցահանդեսը՝ ֆոտոշարքով

«Արվեստը որպես մարդու ներքին թռիչք». Նկարիչների միությունում շարունակվող ցուցահանդեսը՝ ֆոտոշարքով

Նկարիչների միությունում շարունակվում է «Սալոն 2025» խորագրով ցուցահանդեսը, որը բացվել էր նկարիչների միջազգային օրվա առթիվ։

Քանդակագործ Աշոտ Հարությունյանը, ով հիմնականում աշխատում է երկաթի թափոնի հետ, այս անգամ պլաստիկից պատրաստված աշխատանք է ներկայացրել։

«Ես կողմ չեմ աշխատանքներին անուն դնելու. ըստ իս՝ դա սահմանափակում է դիտողի ընկալումը, բայց այս դեպքում «Տգիտության շղթաներ» անունն ավելի դիպուկ ստացվեց, որովհետև աշխատանքս անդրադառնում է այն իրականությանը, որտեղ ես ապրում եմ և կարծում եմ շատերն են համաձայն, որ տգիտությունը սարսափելիորեն տարածվում և մոլախոտի պես իշխում է ամենուրեք։ Իմ ուսումնասիրությամբ՝ այդ տգիտության շղթաներն առաջացել են կաշառակերության և հեշտ հարստացողների պատճառով: Նրանք սովորեցնում են շրջապատին, որ կարելի է չսովորել, բայց ունենալ դիպլոմ, լինել տգետ, բայց հարուստ: Տգիտությունը անմիջականորեն կապված է ազնիվ ապրելու հետ. լինես հարուստ թե ոչ՝ ազնվությունը ամենակարևորն է»,- ասում է նա։

Քանդակագործի համոզմամբ՝ տգիտությունը, որը ներկայումս իշխում է հասարակությունում, մի օր հաղթահարվելու է։ «Գալու է լավ, կրթված սերունդ, նրանք մաքրելու են իրավիճակը, և ամեն ինչ տեղն է ընկնելու։ Սկզբում այդ սերունդը քիչ կլինի, բայց ինչպես ասում են՝ լավ բանից քիչ է լինում»,- հավելում է Աշոտ Հարությունյանը։

Քանդակագործ Սարգիս Բաբայանը Միսաք Մանուշյանի կիսանդրին է ներկայացրել ցուցահանդեսի։ «Գործը պատկերում է Մանուշյանին՝ առաջին հերթին որպես գրող-թարգմանիչ, ապա՝ Փարիզյան հաղթակամարի համատեքստում, քանի որ Մանուշյանն ու ազատագրական պայքարին նվիրված խումբը պայքարել են դրա համար։ Այն նաև ծառայում է որպես շնորհակալական խոսք նրանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում մասնակցել են ազատագրական պայքարի գործունեությանը»,- ասում է նա։
Քանդակագործի՝ բրոնզից պատրաստված աշխատանքը նաև հաղթել է քաղաքապետարանի կողմից անցկացված մրցույթում։

Գեղանկարիչ և Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը ներկայացրել է «Թույլ տուր թռնեմ» խորագրով իր աշխատանքը։

«Այն արտացոլում է 21-րդ դարի այն իրավիճակը, երբ մարդը ցանկանում է ազատվել տագնապից, ինֆորմացիոն ճնշումներից և վանդակում գտնվող թռչունների նման փորձում է թռչել ու ազատվել հուզող խնդիրներից»,- նշում է արվեստագետը։

Նրա խոսքով՝ աշխատանքում գրված տողերից օրինակ՝ «Ժամանակին սեր»-ից հետո, «կար» բառը փոխարինվել է դինոզավրերով, որպես խորհրդանիշ, որ վաղուց էլ սեր չկա։ «Մնացած խոսքերը վերաբերում են մեր շփոթվածությանը՝ կենտրոնացած ենք՝ ինչ եղավ, ով ինչ արեց կամ ասաց, մարդիկ նախանձում են միմյանց, մենք չենք ուրախանում մեր առօրյայով, իսկ գեղեցիկ շատ բաներ աննկատ են մնում: Եվ դրա պատճառով մենք մոռանում ենք ամենակարևորի մասին՝ մեր անձնական թռիչքի, անձնական աճի մասին»,- ընդգծում է Աբրահամյանը։

Նկարում ներկայացված են նաև պատերազմի և տագնապների նմուշներ՝ սկսած Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից մինչև ընդհանուր պատերազմներ, որոնք սպառնում են Երկիր մոլորակին։ Արվեստագետը ընդգծեց, որ աշխատանքը հիշեցնում է, թե որքան կարևոր է մարդը և նրա ներքին ազատությունը, իսկ արժեքավոր բաները հաճախ անտեսվում են։

«Սալոն 2025» ցուցահանդեսը ընդգծում է ժամանակակից արվեստի բազմազանությունը և ստեղծագործողների ներաշխարհը։ Ներկայացված աշխատանքները արտացոլում են ինչպես հասարակական ու անձնական արժեքները, այնպես էլ մարդու ներքին ազատությունն ու ստեղծագործական թռիչքը։ Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 14-ը։

Ռազմագերիներ