
Ո՛չ մի պատերազմ նավթի համար, ո՛չ մի արյուն նավթի համար․ Մադուրոն՝ վենեսուելական նավի վրա հարձակման մասին
Երեկ նրանց դիմակները պատռվեցին․ խոսքը ոչ թե ավազակախմբերի կամ թմրանյութերի դեմ պայքարի մասին է, այլ նավթի․ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ անդրադառնալով երեկ Կարիբյան ծովի միջազգային ջրերում հարձակման ենթարկված առևտրային նավի միջադեպին, որը նավթ էր տեղափոխում։
Նրա խոսքով՝ Կարիբյան ծովի միջազգային ջրերում հարձակման, առգրավման և թալանման է ենթարկվել քաղաքացիական առևտրային նավ, որը միջազգային շուկաներ էր տեղափոխում 1.9 միլիոն բարել վենեսուելական նավթ։ Անձնակազմն առևանգվել է և անհետ կորած է համարվում։
«Այս արարքը հավասարազոր է հանցավոր ծովահենության։ Վենեսուելան խստորեն դատապարտում է դա, և կձեռնարկի բոլոր իրավական և դիվանագիտական միջոցները՝ իր նավերը պաշտպանելու և իր նավթի ազատ առևտուրը երաշխավորելու համար»,- ասել է Մադուրոն։
«Ո՛չ մի պատերազմ նավթի համար։ Ո՛չ մի արյուն նավթի համար։ Սա միայն մեր ուղերձը չէ. ամերիկացի ժողովրդի 70%-ը դեմ է այս բռնությանը և մերժում է Կարիբյան ավազանում իրավիճակի սրմանը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն առգրավել էր վենեսուելական նավ։ ԱՄՆ-ն կասկածում է, որ իրենց առգրաված տանկերը Վենեսուելայից Իրան նավթ էր տեղափոխում։


