
Պուտինն ու Էրդողանը ձեռնպահ են մնացել իրենց հանդիպումից հետո հրապարակային հայտարարություններ անելուց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Աշխաբադում։ Այն տևել է 40 րոպե․ գրում է ria.ru-ն։
Երկու առաջնորդները ձեռնպահ են մնացել մամուլի առաջ հրապարակային հայտարարություններ անելուց. հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։
Ռուսաստանի պատվիրակության կազմում են եղել փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։
Պուտինի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել «Խաղաղություն և վստահություն» ֆորումի շրջանակում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, ֆորումում Թուրքիայի առաջնորդը խոսել է Անկարայի պատրաստակամության մասին՝ շարունակելու միջնորդությունը և նպաստելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Պուտինի և Էրդողանի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Նոյեմբերի վերջին առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և մտքեր փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ խաղաղ կարգավորման ամերիկյան առաջարկների համատեքստում։


