
Բաքուն ու Անկարան Փաշինյանին երաշխիքներ են խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դիմաց․ Politnavigator
Բաքուն ու Անկարան Փաշինյանին երաշխիքներ են խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դիմաց։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում բռնաճնշումներ են իրականացվում յուրաքանչյուրի նկատմամբ, ով կարող է դեմ լինել այս ուղղությանը․ գրում է Ղազախստանի սոցիալիստական շարժման համանախագահ Այնուր Կուրմանովը Politnavigator-ում հրապարակված հոդվածում։
«Նիկոլ Փաշինյանի մղած պատերազմի գագաթնակետը Հայ եկեղեցու դեմ համընկավ Թուրքիայի կողմից 1993 թվականից ի վեր առաջին անգամ նախկին խորհրդային հանրապետության հետ սահմանը բացելու ծրագրերի հետ։ Կա երկու նպատակ՝ օգնել ներկայիս ռեժիմին՝ ցուցադրելով «Երևանի վարած քաղաքականության հաջողությունը», և իրականը՝ ինտեգրել Հայաստանը թյուրքական աշխարհին», – գրում է քաղաքական գործիչը։
Կուրմանովի կարծիքով՝ ՀՀ-ում հաջող ընտրություններից և Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շրջանակում կնշանակի դեսպան Հայաստանում և կստեղծի արտաքին կառավարման համակարգ՝ Մոսկվայի դեմ «հարավային ճակատ» բացելու համար։
Նա հավելում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը նշանակում է նաև ռուսական ռազմաբազայի դուրսբերում Գյումրուց, ինչը որոշակի հետևանքներ կունենա Հայաստանի և նրա բնակչության համար։
«Զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևն արդեն խոսել է «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը Հայաստանում վերականգնելու և պաշտպանելու» և «էթնիկ ադրբեջանցիների՝ Սյունիք վերադառնալու մասին», վայր, որտեղ շուտով հանդիսավոր կերպով կմեկնարկի «Թրամփի երթուղին»։ Մինչդեռ, հայ փախստականների վերադարձի մասին, ինչպես նաև Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման մասին խոսք չկա»,- գրում է նա։


